Վիրահայերը ոչ միանշանակ են մեկնաբանում Թբիլիսիի Սբ․ Էջմիածին եկեղեցու միջադեպը

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցին

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության նախագահը, օրինակ, համամիտ չէ, որ ծեծկռտուքը ազգամիջյան և կրոնական ատելության դրդապատճառներով է տեղի ունեցել:

Թբիլիսիի Սուրբ էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը Վրաստանի հայկական շրջանակներում ոչ միանշանակ մեկնաբանություններ է ստանում:

Մինչ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը պնդում է, որ Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ ծեծկռտուքը ազգամիջյան և կրոնական ատելության դրդապատճառներով է տեղի ունեցել, այլ տեսակետ է հայտնում «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը: Վերջինիս խոսքով` թեև Թբիլիսիում և Վրաստանում ընդհանրապես հակահայ տրամադրություններ առկա են, կոնկրետ այս միջադեպի հետևում զուտ կենցաղային խնդիր է եղել:

Միջադեպի մասին Վիրահայոց թեմի հայտարարության համաձայն` Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հուլիսի 19-ին հարձակում է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր դասի, աշխարհիկ ծառայողների և հավատացյալների վրա: Ըստ հայտարարության` միջադեպը սկսվել է նրանից, որ մեքենան եկեղեցու մոտ կայանած մի վրացուհի չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Այնուհետև կնոջը օգնության են հասել իր մտերիմները, ովքեր ազգային բնույթի հայհոյանքներ են տեղացել հայ հոգևորականների հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Վիրահայոց թեմի իրավական բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը, ով ևս հարվածներ է ստացել ծեծկռտուքի ժամանակ և տուժողներից մեկն է, միջադեպն այդքանով չի ավարտվել: Ըստ նրա` այդ անձանցից մեկը արդեն մի քանի տասնյակ մարդկանց ուղեկցությամբ նորից եկել է հայկական եկեղեցի, որտեղ մկրտության արարողություն էր, և հարձակվել եկեղեցու առջև կանգնած հոգևորականների, եկեղեցու աշխարհիկ աշխատակիցների և հավատացյալների վրա:

Լևոն Իսախանյանը նշում է, որ թեև Վրաստանի ոստիկանությունը գործ է հարուցել ծեծի և մարմնական վնասվածքներ հասցնելու հատկանիշներով, իրենք պահանջում են հաշվի առնել նաև կրոնական և ազգամիջյան ատելության հանգամանքը:

Նրա խոսքով` տեղի ունեցած միջադեպը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաև լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ եկեղեցու և ընդհանրապես հայության հանդեպ սերմանվող ատելության արդյունք է:

«Երկար ժամանակ է որոշ կազմակերպություններ և մեդիաներ հակահայկական մթնոլորտ են փորձում ստեղծել: Մեր հայտարարության մեջ մենք կոչ ենք արել Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներին և համապատասխան մարմիններին, որ քայլեր ձեռնարկեն, որ ապագայում նման միջադեպեր տեղի չունենան, քանի որ նման միջադեպերը հենց մեր պետության` Վրաստանի դեմ են աշխատում», - ասաց Իսախանյանը:

Մինչդեռ «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը կարծում է, որ կոնկրետ այս միջադեպին կրոնական և ազգային ատելության երանգ տալը ճիշտ չէ: Նրա խոսքով` իրենց կազմակերպությունը մանրազնին կերպով քննում է նման միջադեպերը և այս անգամ էլ լսել են միջադեպի երկու կողմերին, ինչպես նաև ականատեսներին ու կարծում են, որ միջադեպը կրոնական և ազգամիջյան ատելության երանգներ չունի, առավել ևս ծրագրված չի եղել:

Ստեփանյանը փաստեր է նշում, նախ՝ որ վիճաբանության մեջ մտած երկու խմբերի մեջ էլ հայեր են եղել: «Նախ` վեճի մեջ մտած երկու խմբերի մեջ էլ հայեր կան. պարզ է, որ Վիրահայոց թեմի կողմից հայերն էին, սակայն մյուս խմբի մեջ բացի ազգությամբ վրացիներից նաև չորս հայ կա: Երկրորդը՝ կռվի ժամանակ չենք կարող ասել, որ զանգվածային կերպով հայտարարություններ են արվել հայերի դեմ: Չեմ բացառում, որ կռվի ընթացքում հնարավոր է մեկ-երկու նման խոսակցություն է եղել, սակայն միայն դրա հիման վրա դժվար է ասել, որ կռիվը ազգամիջյան դրդապատճառներով է եղել», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց «Բազմազգ Վրաստան»-ի նախագահը:

Ստեփանյանի դիտարկումներին Իսախանյանը արձագանքեց, որ այդ կազմակերպությունից որևէ մեկը միջադեպի ժամանակ ներկա չի եղել. - «Իրենք տեղեկությունը այլ աղբյուրներից են իմացել: Երբ մենք հայտարարություն ենք տարածել և ասել ենք, որ միջադեպը հակահայ բնույթ էր կրում, մենք նկատի ենք ունեցել այդ մարդու հայհոյանքը հայ ազգի հասցեին, հայ եկեղեցու աշխատողների և հոգևորականների դեմ խումբ կազմակերպելը»:

Մինչդեռ Առնոլդ Ստեփանյանը չի կարծում, որ միջադեպը ծրագրված է եղել, ինչպես պնդում է Վիրահայոց թեմի հայտարարությունը: «Խումբը, որ հավաքվել է, հիսուն հոգի չեն եղել, այլ առավելագույնը մինչև քսան հոգի: Հավլաբարի համար քսան հոգի հավաքելը մեծ բան չէ: Ոչ մի հակակրոնական կարգախոս չի եղել կռվի ժամանակ: Միայն այն պատճառով, որ քահանայի հետ է եղել կոնֆլիկտը, չի նշանակում հակակրոնական, քանի որ, այն էլ ասեմ՝ քահանան, որի հետ սկսվել է վեճը, կրոնավորի հագուստով չի եղել, և այդ կինը, որ դիսկուսիայի մեջ էր մտել նրա հետ, չէր կարող իմանալ, որ նա քահանա է», - ասաց նա:

Մի բանում, սակայն, Ստեփանյանը համաձայն է Վիրահայոց թեմի ներկայացուցիչների հետ` Վրաստանում և Թբիլիսիում հակահայ տրամադրություններ կան:

«Ցավոք սրտի, արմենոֆոբիայի մակարդակը ցածր չէ Թբիլիսիում և Վրաստանում, իհարկե՝ դա մեր ցավն է և մեր խնդիրն է: Սակայն նորից եմ ցանկանում կրկնել, որ կոնկրետ այս միջադեպում նման բաներ չենք կարող ֆիքսել», - հայտարարեց «Բազմազգ Վրաստան»-ի ղեկավարը:

«Հայոց եկեղեցին շատ լուրջ կառույց է, ուստի պետք է առավել դիվանագիտորեն մոտենա խնդիրներին», - շեշտեց նա:

Միջադեպի վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը` նշելով, որ «սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների»:

«Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է», - ասված է Մայր Աթոռի հայտարարությունում: - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը»: