Ջավախքցի դիմորդները դժգոհ են

Ջավախքցի հարյուրավոր դիմորդները դժգոհում են, որ իրենց համար հայաստանյան բուհերում առանց այդ էլ բարձր վարձավճարները երեսուն տոկոսով ավելի են, քանի որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են:

«Նշանակություն չունի, թե մենք որտեղից ենք, Վրաստանից ենք, թե ուրիշ քաղաքացի ենք: Համենայն դեպս մենք մի ազգ ենք, մենք հայ ենք: Ու իմ կարծիքով, պետք է այս ամեն ինչը հավասար լինի: Իրոք, շատ դժվար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նինոցմինդայից Փառանձեմ Մկրտչյանը, ում դուստրը հաջողությամբ հանձնել է ընդունելության քննությունները:

Ախալքաղաքցի Անդրանիկ Քեհյանը դիմել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: «Ազատության» հետ զրույցում Անդրանիկն ասաց, որ ընտրել է հոր հետ Ռուսաստանում աշխատելու և հայրենիքում բարձրագույն կրթություն ստանալու միջև. - «Առաջին հերթին հայրենիքն է: Պետք է հայկական կրթություն ստանանք, որպեսզի մեր երկրում հայկականությունը պահպանվի ու շարունակվի: Ջավախքում սոցիալական խնդիրը շատ դժվար է: Հիմնականում աշխատատեղերը վրացիներն են զբաղեցնում, իսկ մեր աշխատատեղը հիմնականում Ռուսաստանն է»:

Ջավախքից եկած մեկ այլ դիմորդ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում աշխատանք գտնելու դեպքում այլևս չի վերադառնա, քանի որ Վրաստանում աշխատելու համար պետք է տիրապետես վրացերենին, իսկ Ջավախքում ապրողների ճնշող մեծամասնությունը հաճախում է հայկական դպրոցներ: