Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում էին չվճարված աշխատավարձը

Your browser doesn’t support HTML5

Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պահանջում էին չվճարված աշխատավարձ

Բացի աշխատավարձերի պարտքերից, նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի խոսքով, «Քիմպրոմը» մոտ 40 միլիոն դոլարի գազի, էլեկտրաէներգիայի և այլ պարտքեր է կուտակել:

«Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ աշխատակիցները վաղ առավոտից Լոռու մարզպետարանի դիմաց հերթական բողոքի ցույցն էին անում՝ պահանջելով մի քանի ամիսվա աշխատավարձը: Ավելի վաղ իրենց բողոքի ցույցերի արդյունքում երկու անգամ ստացել են մեկական ամսվա աշխատավարձ:

«8 ամսով, 9 ամսով աշխատավարձ չեն ստացել: Իսկ իրենք որ մի օր ռեստորան չգնան, ո՞նց կապրեն», - ասաց աշխատակիցներից մեկը:

Աշխատողները պահանջում էին հանդիպում վարչապետի հետ, որպեսզի վերջինս հստակեցում մտցնի, թե ինչ է լինելու «Քիմպրոմի» ապագան և իրենց հետագա կարգավիճակը: Անորոշ է նաև «Քիմպրոմի» սեփականատիրոջ հարցը․ աշխատակիցները չգիտեն, թե ով է գործարանի սեփականատերը, հետևաբար, չգիտեն, թե ում պետք է դիմել:

«Մենք հանդիպում ենք պահանջելու նաև նախագահի հետ: Թող ասեն՝ ով ա սեփականատերը, որպեսզի մենք նրան դիմենք: Ես չգիտեմ՝ էս ինչ օրենքներ են, ինչպե՞ս է եղել, որ գործարանը սեփականատեր ունի, բայց չգիտենք՝ ով ա: Մեզ չեն ասում», - դժգոհեց «Քիմպրոմի» աշխատակիցը:

Գործարանի աշխատողներին պետական մարմինները բազմիցս են առաջարկել իրենց խնդիրները լուծել դատական կարգով, սակայն, ըստ գործարանի աշխատակիցների՝ դա խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ, քանի որ դատական գործերը մշտապես ձգձգվում են:

Աշխատակիցների հետ հանդիպման եկած ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, «Քիմպրոմի» հետագա գործունեությունը կասկածի տակ է: Դրա վերագործարկման մասին լուրերը, ըստ ԱԺ պատգամավորի, հավատ չեն ներշնչում: Մարուքյանը խոստացավ հավաքվածներին, որ կմիջնորդի վարչապետին, որպեսզի վերջինս ընդունի գործարանի մի խումբ աշխատակիցների:

Բողոքող աշխատակիցները նաև պահանջում էին, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, այժմ՝ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը իրենց հետ հանդիպման գա, քանի որ համոզված են, որ Մովսիսյանից կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Այսօր վերջապես Մովսիսյանը ժամանեց Վանաձոր, սակայն հանդիպեց ընդամենը 10 աշխատողների հետ, այն էլ` փակ դռների հետևում: Երկար սպասված հանդիպումից հետո աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց խոստացան մինչև օգոստոսի 10-ը ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարել: Մարտիրոսյանը փոխանցեց նաև, որ խոսել են գործարանի առանձին արտադրամասերի վերագործարկման մասին, որից հետո միայն կարող են լուծել մնացած աշխատավարձերի խնդիրը:

Երկար բանակցություններից հետո Արմեն Մովսիսյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին: Նախագահի խորհրդականը, մասնավորապես, նշեց, որ «Քիմպրոմի» սեփականատերը ինչ-որ ռուսական ընկերություն է՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որպեսզի գործարանը սնանկության հասնի: Նա ասաց, թե այս պահին ուսումնասիրություններ են կատարվում «Քիմպրոմը» վերագործարկելու համար: