Վերնիսաժի գործով 28-ամյա մեղադրյալի առողջական վիճակը «ծանր է»

Your browser doesn’t support HTML5

Վերնիսաժի գործով կախված աղիքով, պատգարակով դատարան տեղափոխված ու ճնշման տատանումների, բարձր ջերմության պայմաններում խուլիգանության մեղադրանքով կալանավորված 28-ամյա Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը, «Ազատությանը» տեղեկացրեց, որ որդին առողջական ծանր վիճակում է:

«Իմ երեխան հուսահատված է, ու ասում է՝ եթե մի շաբաթ էլ մնամ, ինձ այստեղից մեռած կտանեք: Եթե տվյալ հիվանդանոցը չունի տվյալ մասնագետը, չունի, ընդհանրապես, պարկեր, դրանք մենք ենք դրսից տանում․․․ ես չգիտեմ․․․ եթե վերքը չի մշակվում՝ ինչի՞ մասին է խոսքը», - ասում է Լիանա Հովհաննիսյանը, - «Սևանում է․․․ հաստ աղիքը կախ ընկած է, բայց ոչ ոքի չի հետաքրքրում: Նրանք ուզում են, որ սպանեն իմ երեխային, միակ նպատակը դա է»:

Լիանա Հովհաննիսյանն ասում է՝ տղան և ամուսինը Ռուսաստանից Հայաստան էին եկել, որ տղային ամուսնացնեին, բայց նա հայտնվել է պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի մասնակցությամբ միջադեպի կիզակետում:

«Ռուսաստանում էին մնում մենք ընտանիքով: Ես բերեցի, որ երեխայիս ամուսնացնեի, չբերեցի, որ ուղարկեի այս դահիճների ձեռքը: Իմ երեխան տուժող էր․․․ տուժողը 15 րոպեում դառնում է կալանավո՞ր: Խփել են իմ երեխայի փորին՝ գոտկատեղից վերև: Սպանության փորձ՝ մեքենայի մեջ են խփել իմ երեխային: Իմ երեխան հազիվ է մեքենայից դուրս եկել, մի կերպ», - ասում է Հովհաննիսյանը, - «Վերևից լրիվ իրենցն է՝ ուր ուզում ես գնա, ում ուզում ես դիմի՝ բոլորը ասում են մենք գործ չունենք դրա հետ: Ինքը պատգամավոր է, դե մենք էլ՝ հասարակ ռամիկներ ենք»:

Լիաննա Հովհաննիսյանն ասաց, որ գործի առնչությամբ դիմել է արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց առայժմ պատասխան չի ստացել: Նրա խոսքով, փորձ է արվում նաև կոծկել գործով ապացույցները, մասնավորապես՝ մինչև այժմ հայտնի չէ, թե որտեղ է գտնվում իրենց մեքենան:

«Չկա, մեր մեքենան չկա: Տվյալ պահին մենք չենք գտնում մեր մեքենան: Իրենք պիտի գտնեն, իրենց էլ ձեռք չի տալիս, որովհետև իմ տղան խփվել է մեքենայի մեջ: Դե՝ սպանության փորձ է, ինչո՞ւ պիտի ձեռք տա իրենց․․․ դրա համար էլ չեն բերում: Որ բերեն ամեն ինչ էլ պարզից պարզ կլինի, իմ տղային էլ չէին կարողանա կալանավորել», - ասում է նա՝ ու հավելում․ - «Այսքանը որտեղի՞ց սարքեցին, երեխայիս էլ տարան մտցրեցին այնտեղ՝ չգիտեմ ես: Ուղեղներիս մեջ չի տեղավորվում: Պատգարակով դատավարություն առաջին անգամն ենք լսել»:

Վալերի Հովհաննիսյանի ծնողները պատրաստվում են դիմել Հայաստանում գործող դեսպանատներին և Սերժ Սարգսյանին՝ այս անպատժելիությանը վերջ դնելու ակնկալիքով:

Մայիսի 17-ին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի՝ Գոռ Առաքելյանի կրակոցներից որովայնի շրջանում վիրավորված Հովհաննիսյանը կալանավորվել էր երկու շաբաթ առաջ:

Վալերի Հովհաննիսյանը այս գործով երրորդ կալանավորվածն է։ Ավելի վաղ կալանավորվել էր կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը՝ սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով: Հունիսի կեսին խուլիգանության մեղադրանքով կալանավորվեց մյուս վիրավորը՝ Ներսես Մելքոնյանը։ Նախնական վարկածով կրակոցներին նախորդել է ավտոմեքենան կայանելու հետ կապված վիճաբանություն: