ԼՂ դատախազություն․ Երկու դիվերսանտ ձերբակալվել է, մեկը՝ ոչնչացվել

Ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևը, լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կայքէջի

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ղարաբաղի Շահումյանի շրջանի տեղամասում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացիներ 46-ամյա Շահբազ Ջալալ օղլի Գուլիևն ու 54-ամյա Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը, իսկ երրորդ անձը, որի տվյալները ճշտվում են, ձերբակալման պահին ցուցաբերել է դիմադրություն, ինչի արդյունքում նա ոչնչացվել է: Այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի դատախազությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Գուլիևը զինված էր գործարանային արտադրության 7.62 միլիմետր տրամաչափի КМС տեսակի TD 2042 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 միլիմետր տրամաչափի ПМ տեսակի ВА 0033 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ, երկու Ф-1 տեսակի գործարանային արտադրության ձեռքի բեկորային մարտական նռնակներով և այլ ռազմամթերքով, Ասկերովը՝ գործարանային արտադրության 7.62 միլիմետր տրամաչափի АКМС տեսակի TF 7373 համարի ինքնաձիգով` համապատասխան խլացուցիչի հետ, գործարանային արտադրության 9 միլիմետր տրամաչափի ПМ տեսակի СН 3478 համարի ատրճանակով` համապատասխան խլացուցիչի հետ և այլ ռազմամթերքով:

Մանրամասները՝ քիչ անց: