Սննդամթերքի անվտանգության ծառայությունը չի կարողանում վերահսկել տեղական բանջարեղենը

Your browser doesn’t support HTML5

Պարզվում է, որ դրսից ներկրված բանջարեղենը ավելի անվտանգ է, քան Հայաստանում արտադրվածը, քանի որ տեղական արտադրանքի դեպքում վերահսկողությունը լիարժեք չէ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանի խոսքով, այսօր մեր շուկայում վաճառվող պտուղ-բանջարեղենի միայն փոքր մասն է ստուգման ենթարկվում:

«Եթե համեմատության մեջ դնենք տեղում արտադրվածը և դրսից ներկրվածը, ասեմ, որ ներկրվածը մեզ համար ավելի վերահսկելի է: Ինչ վերաբերում է տեղական արտադրությանը՝ պատկերացրեք, ինչպե՞ս կարելի է ամեն մի գյուղացու արտադրանքի հետևից գնալ»

Թեև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչն ասում է, որ տեղական բանջարեղենի այն մասում, որը ստուգման է ենթարկվել, որևէ շեղում չի հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է ձմերուկին՝ Արթուր Նիկոյանն ասում է՝ ստուգումների արդյունքում պարզել են, որ որոշ խմբաքանակներում պեստիցիդների քանակը գերազանցել է նորման, սակայն օրենքով որևէ պատիժ նախատեսված չէ այն անձի համար, ով նման ապրանք է իրացրել:

Ագրարային համալսարանի բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ Անդրիաս Մելիքյանը նշում է, որ աշխարհի շատ երկրներում բանջարեղենը ստուգվում է և համապատասխան փաստաթղթերում նշվում դրա ծագման վայրը, բաղադրությունը, անգամ մշակման տեխնոլոգիան, մինչդեռ Հայաստանում սպառողը գրեթե ոչինչ չգիտի իր օգտագործած բանջարեղենի մասին:

«Օրինակ ատոմակայանի մերձակայքում աճեցվածը, կամ ավելի հեռվում աճեցվածը, կամ՝ այնպիսի վայրերում, որտեղ հանքարդյունաբերությունը ուժեղ զարգացած է, և այլ վայրերում․․․ բնական է, որ տարբեր կլինեն և՛ այդ բանջարեղենի քիմիական կազմը, և՛ դրանց որակը: Իսկ ո՞վ կարող է ասել, այսօրվա մեր վաճառակետերում կոնկրետ որտեղի՞ց է ապրանքը եկել», - ասում է Մելիքյանը: