Ուկրաինայի արևելքում հրադադարի ժամկետը մոտենում է ավարտին

Ուկրաինացի զինծառայողները զրահամեքենայով մեկնում են դեպի Լուգանսկի հենակետ, 29 հունիսի, 2014թ.

Միջնորդները հորդորում են այն երկարաձգել։

Ուկրաինայի արևելքում գործող հրադադարն ավարտվում է, իսկ Կիևում հազարավոր ցուցարարներ նախագահ Պետրո Պորոշենկոյին հորդորում են առավել վճռական պայքարել անջատականների դեմ։

Նրանց համոզմամբ, Պորոշենկոն պարտավոր է ռազմական դրություն մտցնել Ուկրաինայի հարավ-արևելքում և զենք տրամադրել կամավորներին, ովքեր պատրաստ են պայքարել ռուս անջատականների դեմ։

Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Ֆրանսուա Օլանդը, Վլադիմիր Պուտինն ու Պետրո Պորոշենկոն հեռախոսով ավելի քան երկու ժամ քննարկել են հրադադարի հարցը։

Ըստ Օլանդի գրասենյակի տարածած հաղորդագրության, զրուցակիցները Պորոշենկոյին կոչ են արել երկարաձգել հրադադարը։ Մերկելը Պուտինին զգուշացրել է, որ Եվրամիությունն աննախադեպ խիստ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Մոսկվան խափանի Պորոշենկոյի առաջարկած` իշխանության ապակենտրոնացում և արտահերթ տեղական ու խորհրդարանական ընտրություններ նախատեսող խաղաղության 15-կետանոց ծրագրի իրագործումը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակից էլ հայտնել են, թե Պորոշենկոն Պուտինին կոչ է արել Ռուսաստանի տարածքի հատվածում խստացնել սահմանի հսկողությունը և կանխել զինյալների ու զենքի մուտքն Ուկրաինայի արևելք։

Իսկ Կիևում հազարավոր մարդիկ համոզված են, որ հրադադարը ոչինչ չի տվել և ձեռնտու է միայն անջատականներին։

«Մեկ շաբաթ տևած հրադադարի միակ արդյունքը մեր զինվորների մահն է։ Հրադադարի ևս 72 ժամը ոչինչ չի տա»,- ասել է Յուրի անունով կիևցին։

Վոլոդիմիրն էլ ավելացրել է, թե մեկ շաբաթվա հրադադարի ընթացքում 20 զինծառայող է սպանվել.- «Հետո Պորոշենկոն ևս երեք օր ավելացրեց, սպանվեցին 25 տարեկանը չլրացած տղերք, չորսը երեկ զոհվեցին, սա ինչքա՞ն կարող է շարունակվել, ո՞ւմ հետ բանակցել, Մոսկվայի ներկայացուցիչների՞»։

Սվետլանա անունով բնակիչն էլ շատ ավելի վճռական միջոցների կողմնակից է.- «Հայտնի չէ, թե քանի անջատական է հանձնվել, շատերը չեն էլ ուզում վայր դնել զենքը, ուրեմն մենք պետք է նրանց ոչնչացնենք կամ ձերբակալենք»։

Ուկրաինացի հրամանատարները հայտնել են, որ անցած երկու օրում Դոնեցկի և Լուգանսկի շրջանում սպանվել է 5 և վիրավորվել է առնվազն 17 զինծառայող։

Մոսկվայում պնդում են, թե ուկրաինական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և որպես դրա խախտումների վկայություն նշում են Դոնեցկում Ռուսաստանի Առաջին հեռուստաալիքի 68-ամյա օպերատոր Անատոլի Կլյանի մահը։ Կլյանը սպանվել է հրազենից, ստույգ հանգամանքները դեռ հայտնի չեն։ Նա Ուկրաինայում արդեն 5-րդ սպանված լրագրողն է։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուկրաինական զարգացումներում Կրեմլի բացասական դերակատարության մասին է խոսել ամերիկացի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերը։

«Ինձ շատ է անհանգստացնում պարոն Պուտինի վճռականությունն ու բացահայտ պատրաստակամությունը՝ խախտել Եվրոպայի, ՄԱԿ-ի, ինչպես նաև Հելսինկյան հռչակագրի նորմերը»,- ասել է սենատորն ու ավելացրել.- «Երբ մի երկիր ուժ է գործադրում մեկ այլ ինքնիշխան պետության դեմ և դա պատճառաբանում ազգությամբ ռուսներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, դա շատ է հիշեցնում 1930-ական թվականներին տեղի ունեցածը»,- ասել է Ուիքերը։