Սահմանադրական բարեփոխումների հանրային քննարկումները կերկարաձգվեն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնել է, որ կայացած հանդիպումների ժամանակ առաջարկություններ են եղել՝ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները շարունակել տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ քննարկումներ անցկացնել մարզերում, ինչպես նաև քննարկումների արդյունքներն ամփոփել միջազգային փորձագիտական կառույցների հետ:

Հանձնաժողովի անդամները ևս անդրադարձել են լրացուցիչ քննարկումների ձևաչափը և աշխարհագրությունը ընդլայնելու հասարակական պահանջարկին: Միաժամանակ, նկատի ունենալով հայեցակարգի քննարկումների ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի լայն շրջանակը, դրանք համակողմանի վերլուծելու կարևորությունը, ինչպես նաև լրացուցիչ հանրային քննարկումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է հանրային քննարկումների ժամկետը երկարաձգել առնվազն երեք ամսով:

«Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում: