Պորոշենկոն և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ֆրանսիա - Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները Երկրորդ աշխարհամարտում դաշնակիցների զորքերի ափհանման 70-ամյակի հանդիսությունների ժամանակ, 6-ը հունիսի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսով զրուցել են հնարավոր հրադադարի մասին Արևելյան Ուկրաինայում, որտեղ շարունակվում են բախումները ուկրաինական զինված ուժերի և ռուսամետ անջատականների միջև։

Ըստ Կրեմլի հաղորդագրության, երկու նախագահները խոսել են նաև երկու ռուս լրագրողի կյանք խլած հունիսի 17-ի միջադեպի մասին։

Ըստ ռուսական լրատավամիջոցների՝ ձայնային ինժեներ Անտոն Վոլոշինը և լրագրող Իգոր Կոռնելյուկը մահացել են Լուգանսկի մարտերը լուսաբանելիս։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե այս մարդկանց մահն ապացուցում է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններն ընդդեմ ռուսամետ ապստամբների հանցավոր բնույթ են կրում։