Կենսաթոշակների յուրացման գործով երեք հոգի ազատազրկման դատապարտվեց

Your browser doesn’t support HTML5

Սոցապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործի շրջանակներում մեղադրվող Գյումրու տարածքային բաժնի չորս աշխատակիցներն այսօր մեղավոր ճանաչվեցին առանձնապես խոշոր չափի՝ 91 միլիոն 566 հազար դրամի կենսաթոշակի, թաղման նպաստի և ժառանգվող գումարներ հափշտակելու համար:

Ամբաստանյալ, տարածքային բաժնի նախկին պետ Էդուարդ Վարժապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն ազատ արձակվեց համաներմամբ։

Փոխարենը նրա ենթակաները առաջիկա տարիները կանցկացնեն ճաղերի հետևում․ Արթուր Աբրահամյանը և Կիմա Փիլոյանը դատապարտվեցին 4 տարվա ազատազրկման, իսկ Ռուբեն Մնացականյանը՝ 3 տարվա։

Դատավարության ընթացքում ամբաստանյալներից ոմանք բյուջեին պատճառված վնասը փոխհատուցել էին, մյուս մասը կվճարեն այսուհետ․ դատարանը նաև 3 ամբաստանյալներից հօգուտ պետության 54 միլիոն 608 հազար դրամի բռնագանձման որոշում կայացրեց:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավելի քան մեկ տարի շարունակված դատաքննությունն ավարտվեց լարված մթնոլորտում։ Կալանավորված ամբաստանյալներից Ռուբեն Մնացականյանը հայտարարեց․- «Իրենք գիտեն մեղավորները որտեղ են, անմեղները որտեղ են: Սա խայտառակություն է, ուրիշ բան չէի էլ սպասում, սա շատ կեղտոտ ձեռագիր է»:

Ազատության մեջ գտնվող ամբաստանյալներից Կիմա Փիլոյանն էլ հայտարարեց, թե ինքը մեղավոր չէ.- «Ես ընդամենը զոհ եմ եղել այստեղ, մեղավորները դրսում են»։

Ամբաստանյալներից Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, թե իր պաշտպանյալի նկատմամբ պատիժը խիստ էր:

Ազատազրկման դատապարտված ամբաստանյալները պատրաստվում են դատավճիռները բողոքարկել Վերաքննիչ դատարանում: