Շարմազանով․ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է»

ԱԺ փոխնախագահ, իշխող ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովում Կիսելյովի սկանդալային հայտարարությունների մասին ենք զրուցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Հունիսի 11-ին Ազգային ժողով է այցելել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, ով հայտարարել է, որ հայերը իրենց իսկ անվտանգությունից ելնելով պետք է փոխեն լեզվի մասին օրենքն ու ավելացնեն ռուսական դպրոցները: Այդ հարցի առնչությամբ «Ազատությունը» զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

«Ազատություն»․ - Վիրավորվա՞ծ չեք, որպես ԱԺ փոխնախագահ:

Շարմազանով․ - Տեղյակ չեմ, ի՞նչ է եղել:

«Ազատություն»․ - Նա (Դմիտրի Կիսելյովը) նշել է, որ պետք է լեզվի մասին օրենքը փոխվի, ռուսական դպրոցներ բացվեն, տաքսի է նստել՝ տաքսիստը ռուսերեն չգիտի, և հայտարարել է, որ իրենք չեն կարող մեր անվտանգությունը պաշտպանել, քանի որ մեզ մոտ ռուսերենը անկում է ապրում:

Շարմազանով․ - Նախ ես չեմ կարծում, որ Հայաստանում ռուսերենը անկում է ապրում, երկրորդը՝ Հայաստանի անվտանգությունը առաջին հերթին ապահովում է Հայաստանի Հանրապետությունը և ՀՀ զինված ուժերը և հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին էլ որևէ վտանգ չի սպառնում, նրանք դինամիկ զարգանում են:

«Ազատություն»․ - Իսկ որ գալիս է մեկը և նման ստորացուցիչ հայտարարություններ է անում՝ կամ օրենքը պետք է փոխեք, կամ խնդիրներ են ծագելու․․․

Շարմազանով․ - Եթե նման բան է եղել, իհարկե դա անընդունելի է: Հայաստանը ինքնիշխան պետություն է: ՀՀ-ում օրենքները ընդունում են ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված պատգամավորները, այսինքն Ազգային ժողովը:

«Ազատություն»․ - Իսկ ինչո՞ւ եք նրան կանչում ԱԺ, ում վրա, ինչպես գիտեք, նաև տարածվել են Եվրամիության կիրառած պատժամիջոցները:

Շարմազանով․ - Հայաստանը ինքն է որոշում ում հրավիրել և ում չհրավիրել: Ադրբեջանում էլ կա պերսոնա նոն գրատա, հետո՞ ինչ, մենք հայ-ռուսական հարաբերությունները պետք է դինամիկ զարգացնենք ինչպես հայ-եվրոպական, հայ-ամերիկյան: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: