Բրազիլիայի դեսպանը խաղով է դիմավորում աշխարհի առաջնությունը

Your browser doesn’t support HTML5

Իսկական բրազիլացուն ֆուտբոլ խաղալու համար չի խանգարում ոչ քարուքանդ փողոցը, ոչ տարիքը, ոչ էլ անգամ Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան լինելը։ Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուի ձեռքերում գնդակը մնաց ընդամենը մի քանի վայրկյան։

-Ես լավ ֆուտբոլ էի խաղում, երբ 15 տարեկան էի։
-Կարո՞ղ եք հիմա ինչ-որ հնարք ցույց տալ։
-Հիմա ես 65 տարեկան եմ, կորցրել եմ հմտություններս, շատ բան չեմ կարող անել:
-Բոլոր Ձեր տարիքի բրազիլացինե՞րն են կարողանում այսպես խաղալ։
-Իհարկե, ոչ, միայն Պելեն։
-Ճանաչո՞ւմ եք Պելեին։
-Մի անգամ հանդիպել եմ։

Դեսպանը բարձրաձայնում է հանրահայտ ճշմարտությունը՝ Բրազիլիայում բոլորն են ֆուտբոլ խաղում, խոստովանում է՝ երիտասարդ տարիներին ինքն էլ էր երազում ֆուտբոլիստ դառնալ, վնասվածքը խանգարեց։ Երկրպագել, սակայն, երբեք և ոչինչ չի խանգարել, այսօր Բրազիլիայում սկսված տոնը Հայաստան տեղափոխելու համար դեսպանատան աշխատակիցները դեռ մի քանի օր առաջ էին սկսել էին զարդարել տարածքը։

«Մենք շատ գումար էինք ծախսում Բրազիլիան գեղեցկացնելու վրա, օրինակ, օդանավակայաններ կառուցելու, որը պետությանն է անհրաժեշտ: Մենք գումար էինք ծախսում տեղափոխության, անվտանգության, զբոսաշրջության խթանման վրա, դրանք պարզապես անտեղի ծախսվող գումարներ չեն: Սրանք կմնան այնտեղ»,- ասում է դեսպանը

Հայաստանում ֆուտբոլային ազգի մի քանի ներկայացուցիչները օրվան հատուկ են պատրաստվել, գլխավոր միջոցառումը կանցկացնեն դեսպանի առանձնատանը։ Հրավիրել են Հայաստանում գտնվող օտարերկրյա բոլոր դեսպաններին և անգամ ֆուտբոլ դիտելու համար հատուկ սենյակ են առանձնացրել։

«Կարծում եմ, այստեղ մինչև 20 հոգի կտեղավորվի, եթե ավելի շատ մարդ գա, այստեղ երկրորդ հեռուստացույցն ունենք։ Հյուրասենյակի աթոռները կբերենք, այստեղ կդնենք և մյուսները կկարողանան խաղը դիտել այստեղ»,- ասում է Էդսոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուն։

Ընդհանուր առմամբ դեսպանը իր տանը 5 հեռուստացույց ունի, այնպես որ բոլոր հյուրերն էլ կկարողանան դիտել աշխարհի խաղերի բացումը։ Չի բացառվում, որ դիտումները մի պահ նաև իսկական խաղի վերածվեն, համենայնդեպս, 65-ամյա դեսպանը և նրա օգնականները պատրաստ են ամեն վայրկյան դաշտ դուրս գալ ու գնդակ գլորել։

Բրազիլացիները ֆուտբոլիստ են ամենուր և միշտ, օրենք է՝ տարիքից անկախ խաղում են բոլորը, սակայն դեսպանը և նրա օգնականները վստահ են, որ իրենց հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստները լավագույնն են, և այսօր հայրենիքում մեկնարկող աշխարհի առաջնությանը հաղթելու է հենց Բրազիլիայի հավաքականը։