Վերին Լարսում մնացած հայաստանցիներին տեղեկանքներ են տրամադրվում

Փլուզման հետևանքները Վերին Լարսում, լուսանկարը՝ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսության

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը բոլոր ցանկացողներին տրամադրել է տեղեկանք առ այն, որ մայիսի 17-ի առավոտյան ժամը 11-ից մինչև հատուկ կարգադրություն լինելը Վերին Լարս - Կազբեկ ավտոճանապարհը փակ է փլուզման պատճառով:

Ինչպես հայտնում են հյուպատոսությունից, տեղեկանքը տրամադրվում է Ռուսաստանում գտնվելու թույլտվության ժամկետը լրացած քաղաքացիների, ինչպես նաև ժամանակավոր ներմուծման ժամկետը լրացած ավտոմեքենաների տերերի՝ ռուսաստանյան համապատասխան մարմինների հետ հնարավոր խնդիրները բացառելու համար:

Շաբաթասկզբին, վրացական կողմի հետ համաձայնեցնելով, գիտնականներից, երկրաբաններից, ինժեներներից և այլ մասնագետներից բաղկացած ռուսական պատվիրակություն է մեկնել դեպքի վայր` տեղում իրավիճակին ծանոթանալու և ճանապարհի բացման ժամկետների առավել ստույգ պատկերացում կազմելու նպատակով:

Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը ընդգծում է, որ Վլադիկավկազի հայ համայնքը աջակցություն է ցուցաբերում հայրենակիցներին: