Օբաման Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներին պաշտպանելը «սրբազան պարտավորություն» է որակում

Լեհաստան – Ամերիկյան F-16 կործանիչը թիկունքին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոսում է Եվրոպայում անվտանգության մասին, Վարշավա, 3-ը հունիսի, 2014թ․

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով Վարշավայում, հայտարարել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Լեհաստանի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իր դաշնակիցների անվտանգությունը ապահովելու գործին՝ դա համարելով «մեր սեփական անվտանգության ապահովման անկյունաքարը»:

Միացյալ Նահանգների նախագահը հավելել է, թե Ուկրաինայի ճգնաժամը Լեհաստանում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացման անհրաժեշտություն է առաջացրել, իսկ դաշնակիցներին պաշտպանելը բնութագրել է որպես «սրբազան պարտավորություն»:

Օբաման նման հայտարարություններով հանդես է եկել Լեհաստան, Բելգիա և Ֆրանսիա կատարելիք իր այցի սկզբում: Հունիսի 3-ին նա հանդիպումներ կունենա Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորվսկիի և վարչապետ Դոնալդ Թասքի հետ: Վարշավայում նախատեսվում է նաև Օբամայի հանդիպումը Ուկրաինայի ընտրյալ նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ: