Միջազգային հանրությունը փորձում է օգնել Նիգերիայում առևանգված երեխաներին

Նիգերիա - Առևանգված 276 աղջիկներին ազատ արձակելու կոչով ցույց Լագոսում, 5-ը մայիսի, 2014թ․

Մեծ Բրիտանիան հայտնել է, որ մասնագետների խումբ է ուղարկում Նիգերիա՝ զբաղվելու 276 դպրոցահասակ աղջիկների առևանգման հետ կապված խնդրով։

Երեկ զինվորական և այլ մասնագետների խումբ է այցելել Նիգերիա նաև ԱՄՆ-ից։

Երեխաները դպրոցից ապրիլին առևանգվել են իսլամիստական ծայրահեղական «Բոկո հարամ» զինյալ խմբավորման կողմից, որը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, կապեր ունի «Ալ-Ղաիդա»-ի հետ, և որի անունը նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է»։

Ահաբեկչական խմբավորման տարածած տեսահոլովակում խմբի ղեկավարը հայտարարել էր, որ պատրաստվում է վաճառել երեխաներին «Ալլահի կամքով»։