Սևանից ջրառն այս տարի կավելանա 63 մլն խորանարդ մետրով

Your browser doesn’t support HTML5

Սևանից ջրառն այս տարի կավելանա 63 մլն խորանարդ մետրով

Ազգային ժողովն այսօր ընդունեց «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը` թույլատրելով Սևանից այս տարի իրականացնել 240 մլն խորանարդ մետր ջրառ (նախորդ տարվա 177 մլն խորանարդ մետրի փոխարեն):

Բաց թողնվող ջուր կհոսի դեպի Արարատյան դաշտավայր:

Օրինագիծն ընդունվեց 96 կողմ, 15 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Իշխող Հանրապետականից բացի, կողմ քվեարկեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Վերջինիս քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության պատգամավորների քվեարկությունը բացատրեց հետևյալ կերպ. - «Խմբակցությունը առաջարկել էր 5 տարին սահմանափակել մեկ տարով, որովհետև, ընդունեք, առնվազն հասկանալի չէր, թե ինչպես է հնարավոր 5 տարվա կտրվածքով կանխատեսում անել... Իհարկե, մենք սա համարում ենք իրավիճակային ելք, որովհետև տասնյակ գյուղերի բնակիչներ դիմել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը` ասելով, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով զրկված են հողերը ոռոգելու հնարավորությունից: Ուստի «Բարգավաճ Հայաստան»-ը քվեարկում է կողմ»:

Բնապահպանները դեմ եմ Սևանից ջրառի ծավալն ավելացնելուն: Նրանք պնդում են, թե դա վնաս է հասցնում լճի էկոհամակարգին:

Իսկ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք համարում են, որ լճից բաց թողնվող ջրի ծավալն ավելացնում է ոչ թե Արարատյան դաշտավայրը ոռոգելու, այլ ձկնաբուծարաններ ունեցող ընտրյալ օլիգարխների բիզնես շահերը սպասարկելու համար:

Արարատի մարզպետարանի բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե եթե լճից բաց թողնվող ջրի ծավալը չավելացվի, մարզի շատ գյուղեր ոռոգման ջուր չեն ունենա: Նա, սակայն, համաձայնեց նաև ընդդիմախոսների պնդումներին, թե մարզում ջրային ռեսուրսների պակասը պայմանավորված է ավելի ցածրադիր վայրերում գտնվող տասնյակ ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերի անբարեխիղճ օգտագործմամբ, ինչի հետևանքով ջուրը չի հասնում ավելի բարձրադիր վայրերը:

Օրեր առաջ Գիտությունների ազգային ակադեմիայում թեմային անդրադարձել էր երկրի նախագահը. - «Ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ո՛չ հանք օգտագործենք, ո՛չ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»:

Գիտաշխատող Սեյրան Մինասյանը, ով նախկինում ղեկավարել է բնապահպանության նախարարության մոնիթորինգի ՊՈԱԿ-ը, ասում է՝ Սևանը երիտասարդ լիճ է և, այո՛, այն նաև ապագա սերունդների համար է: Նրա խոսքով՝ եթե մի քանի ձկնաբուծարան հարյուրավոր խորանարդ մետրերով արտեզյան ավազանի ջուր են անխնա օգտագործում, դրա համար ողջ երկի՞րը պետք է պատասխան տա։

«Բոլորը գիտեն, որ վերևի հատվածում ջուրը քչացել է: Թող լավ մենեջմենթ անեին․․․ Բերել փաստի առաջ են կանգնեցրել․ սա ի՞նչ շանտաժի ձև է: Ծակել են, ջուրը հանել են, լցրել են Արաքսը, ջուրը գնացել է Ադրբեջան: Խոսքը տարեկան մի քանի հարյուր միլիոն խորանարդ մետրի մասին է: Սևանից հավելյալ որ ուզում են վերցնել, դա այդ վատնած ջրի 10 տոկոսն էլ չի կազմում: Թող մի քիչ քչացնեն այդ վատնումը: Դա շատ ավելի հեշտ միջոցառում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Մասնագետի հաշվարկով ՝ Հայաստանում ջրի կորուստները կազմում են 45- 85 տոկոս․ - «Ջուրը մինչև հասցվում է բույսին, արանքում այնքան է կորում, որ բույսին ջուր չի հասնում: Փոխանակ այդ ջրատարները նորմալ կառուցեն, ջրի կորուստները նվազեցնեն և այլն․․․ ասում են ամենահեշտ լուծումը՝ Սևանի ջուրը»:

Սեյրան Մինասյանը իր աչքով է տեսել, թե խոշոր ձկանբուծարաններում ինչ տրամաչափի խողովակներով է ջուրը հանվում ու անխնա է օգտագործվում:

Ի դեպ Արարատի մարզպետարանից պազրեցինք, որ նոր են սկսել ձկնբուծարաններում ջրաչափեր տեղադրել, մինչև հիմա ոչ բոլոր տեղերում են դրանք եղել:

Սևանից ջրառը 40 տոկոսով մեծացնելու դեպքում, ըստ մասնագետի, ջրի մակարդակը կիջնի մոտ 6 սանտիմետրով, ինչին կգումարվի բնական պատճառներով ակնկալվող ևս 2-6 սանտիմետրի իջեցում, և 2015-ի սկզբին Սևանա լճի ջրի մակարդակը կարող է մոտ 10 սմ-ով նվազել։

«Առաջինը՝ պետք է բարձրանա ջրի մակարդակը: Երկրորդը՝ պետք է մաքրվի այդ ջրածածկ անտառային տարածքը, և նոր ծածկվելիք տարածքները պետք է շատ արագ մաքրել: Եվ երրորդը՝ լճում պետք է լինի ձուկ․․․ Այս երեք գործողությունները պետք է արվեն շատ արագ: Այսօր լիճը կրիտիկական վիճակում է գտնվում», - ասաց Սեյրան Մինասյանը: