Բակո Սահակյանը Երևանում հանդիպեց ամերիկացի կոնգրեսականների հետ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյս, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Երևանում՝ Հայաստանում Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունում, հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության հետ, որ գլխավորում է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում:

Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարևոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:

Հանդիպմանը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը պաշտոնատար այլ անձինք, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ: