Վարչապետը դեռ չի հստակեցնում կառավարության կազմում հնարավոր փոփոխությունները

Your browser doesn’t support HTML5

Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը առայժմ չի հստակեցնում, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն նոր կառավարության կազմում՝ նշելով, որ նախագահը դեռևս շարունակում է բանակցությունները քաղաքական ուժերի հետ:

Սերժ Սարգսյանն այսօր անձամբ ուղեկցեց գործադիրի նոր ղեկավարին կառավարություն. շենքի դիմաց՝ դիմավորողների շարքում, սակայն, չկար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Շենքում նոր վարչապետին ներկայացնելու արարողությունը տևեց մոտ կես ժամ: Ավարտին Հովիկ Աբրահամյանն իջավ Սերժ Սարգսյանին ճանապարհելու, հենց այդ ժամանակ էլ հաջողվեց նրան մի քանի հարց ուղղել:

«Իրավունք և պարտականություն եմ զգում»,- սրանք էին Աբրահամյանի առաջին բառերը՝ որպես վարչապետ լրագրողների հետ շփվելիս:

«Ես մեր խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցելու եմ, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, նաև փորձագիտական խմբերի հետ: Բոլորի կարծիքները լսելու եմ»,- փոխանցեց նորանշանակ վարչապետը:

«Ազատության» հարցին, թե նախատեսո՞ւմ է ոչ իշխանական ուժերից կառավարության անդամներ ունենալ, Աբրահամյանը պատասխանեց․- «Եթե ցանկություն կլինի, հանրապետության նախագահը հիմա բանակցում է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, և որոշումները մենք միասին կկայացնենք»:

«Ազատության» հարցին, թե ինչպիսի՞ փոփոխություններ է անձամբ ինքը տեսնում կառավարության կազմում, Աբրահամյանը պատասխանեց՝ բոլոր տեսակի:

Անդրադառնալով տնտեսության բարելավման ուղղված իր ձեռնարկելիք առաջին քայլերին՝ վարչապետը նշեց․- «Առաջին քայլը լինելու է լսել բոլոր քաղաքական ուժերին, մենք միասին պետք է որոշում կայացնենք, ես լինելու եմ շատ թափանցիկ, բաց, հասանելի բոլորի համար»:

«Ամեն ինչ անելու ենք, Տիգրան Սարգսյանը ամեն ինչ արել է, ջանք չի խնայել, և մենք փորձելու ենք շարունակել և ինչ ներուժ որ ունենք, միասին փորձելու ենք այսօրվա մեր խնդիրներին լուծում տալ: Առաջին խնդիրը մեր քաղաքացու արժանավայել ապրելու խնդիրն է»,- Տիգրան Սարգսյանի թողած ժառանգությանն անդրադառնալով հայտարարեց Աբրահամյանը՝ շարունակելով․ - «Ամեն ինչ անելու ենք, և նոր կառավարության հետ, ես համոզված եմ, որ նախագահի սատարմամբ և վստահության պայմաններում մենք նոր, պրոֆեսիոնալ կառավարություն կձևավորենք և փորձելու ենք, այո, այսօր առկա բոլոր խնդիրներին տալ լուծում, դրա համար ժամանակ է պետք և ռեսուրսներ, որը մենք աշխատելու ենք կուտակել, և գնալ առաջ»:

Կիրակի օրը իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում, հանրապետության նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրված Հովիկ Աբրահամյանի կառավարության առաջնահերթությունների թվում նշել էր նաև պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը:

Այդ կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասաց․ - «Քննարկելու ենք, մենք լսելու ենք բոլորի պրոբլեմները, բոլորի խնդիրները, մտահոգությունները և փորձելու ենք լուծում տալ: Մենք մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր խնդիրները, որ այսօր առկա են մեր հանրության մեջ, լուծում տանք: Դրա համար ժամանակ է պետք, և նորից եմ ասում, մեծ ֆինանսական ռեսուրսներ»:

Նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ կառավարությունում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է գործող կառավարության անդամներին մինչ նոր գործադիրի ձևավորումը եռանդով շարունակել իրենց աշխատանքը:

«Մենք որևէ կողմնորոշում որևէ թեկնածուի վերաբերյալ չունենք, և ես պետք է խնդրեմ բոլոր իմ գործընկերներին ավելի մեծ եռանդով շարունակել իրենց պարտականությունների կատարումը: Սահմանադրության սահմանած ժամկետում, պարո՛ն նախագահ, Ձեզ հետ համաձայնեցնելով, կներկայացնենք նոր կառավարության կազմը: Եվ մոտեցումը կլինի կառավարության անդամների այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի արդյունքն ու նաև այն, թե որքանով ապագայում ի վիճակի կլինեն իրականացնել նոր ծրագրեր»,- ասել է Աբրահամյանը: