Բախումներ, մեկ զոհ և տասնյակ վիրավորներ Հորդանանում սիրիացի փախստականների ճամբարում

Սիրիացի փախստականների Զաաթարի ճամբարը Հորդանանում, արխիվ

Հորդանանում տեղակայված սիրիացի փախստականների ճամբարում հուզումների հետևանքով մեկ փախստական զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը հայտարարել է, որ տեղի է ունեցել բռնություն:

Հորդանանի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 29 ոստիկան է վիրավորվել սիրիացի փախստականների Զաաթարի կոչվող ճամբարում բողոքի ալիքի հետևանքով: Ըստ հաղորդագրության, ոստիկանները միջամտել են, երբ մի խումբ փախստականներ փորձել են ապօրինի լքել ճամբարը: Մինչդեռ ճամբարի բնակիչները պնդում են, որ բախումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանության ավտոմեքենան լրջորեն վնասել է սիրիացի մի երեխայի: