Նախագահ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Սերժ Սարգսյանին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների, ինչպես նաև ապրիլի 3-ին Մոսկվայում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ընդունված համատեղ հայտարարության մասին՝ Սիրիայում շարունակվող ճգնաժամի և երկրի հյուս-արևմուտքում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: