Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը «Ղրիմի վերադարձը չի շնորհավորել»

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյան

Ռուսաստանի Պսկովի նահանգապետի պաշտոնակատար Անդրեյ Տուրչակը մարտի 24-ին ընդունել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին:

Սա թերևս շարքային հանդիպում էր և հավանաբար չէր հայտնվի հայկական մամուլի ուշադրության կենտրոնում, եթե pskov.ru պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագությունում գրված չլիներ, որ Հայաստանի հյուպատոսը Անդրեյ Տուրչակին և բոլոր ռուսաստանցիներին շնորհավորել է Ղրիմը Ռուսաստանի կազմ վերադարձնելու կապակցությամբ:

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը, սակայն, հերքում է այս տեղեկությունը, ասում է՝ որ Տուրչակի հետ ճանաչողական հանդիպում է ունեցել, որի ընթացքում մեծամասամբ քննարկվել են համայնքային խնդիրները, ինչպես նաև Պսկովի մարզի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Ըստ Կարապետյանի՝ այդ հանդիպմանը որևէ նման հայտարարություն ինքը չի արել: Գլխավոր հյուպատոսը կարծիք հայտնեց, որ հավանաբար հանդիպմանը ներկա լրագրողն է ինչ-որ բան շփոթել:

«Ես, օգտվելով առիթից, ասացի, որ իհարկե, մեր պաշտոնական տեսակետը այն է, և այդ մասին թե արտգործնախարարությունը, թե այլ աղբյուրներ հայտարարել են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որը ընդունված է ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթերում, պիտի հարգվի: Նաև Ղարաբաղի օրինակը բերեցի՝ որպես ինքնորոշված տարածք և այդքանով սահմանափակվել է մեր խոսակցությունը»,- ասաց Կարապետյանը:

«Հավանաբար մարզային թղթակիցը, որը լսում էր մեր զրույցը, իր համար եզրակացրել է, որ սա կարելի է ներկայացնել որպես ողջույն կամ շնորհավորանք՝ Ղրիմը ճանաչելու վերաբերյալ, և այդպիսի սխալ ձևակերպում է գնացել: Ես դա շտկեցի՝ դիմելով համապատասխան լրատվական ծառայությունների, խնդիրը շտկվել է»,- «Ազատությանը» փոխանցեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսը: