Շիրակցի գործարարները թերհավատ են Մաքսային միության հեռանկարների նկատմամբ

Your browser doesn’t support HTML5

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր Շիրակի մարզի գործարարներին հրավիրել էր քննարկման՝ Մաքսային միությանն անդամակցության արդյունքում բացվող հեռանկարների վերաբերյալ:

Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ դա հայ գործարարներին հնարավորություն կտա մուտք գործել Մաքսային միության նոր շուկաներ, կամ այսպես ասած՝ վերադառնալ նախկին շուկաներ:

«Մաքսային միությանը միանալը մեզ համար դրական կլինի նաև նրանով, որ մենք կարող ենք երրորդ երկրների հետ Հայաստանում ստեղծել համատեղ ձեռնարկություններ, ի մասնավորի՝ Չինաստանի, և այդ ապրանքատեսակները դուրս բերել ռուսական շուկա առանց մաքսերի և մաքսատուրքերի», - հավելեց նա:

Զրույցին մասնակցող հայ գործարարները, մինչդեռ, ասում էին, թե իրենց համար կարևորը իրացման շուկա գտնելն է: Ելույթ ունեցող գործարարները դժգոհում էին, թե աշխատում են բանկերի համար, քանի որ տրամադրվող վարկերի տոկոսադրույքը շատ բարձր է:

Անդրադառնալով Շիրակի մարզում կառուցված շաքարի գործարանին՝ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ քանի որ գործարանն աշխատում է ներկրված հումքով, իսկ Մաքսային միությանն անդամակցության դեպքում հումքի մաքսատուրքը կավելանա, դա կարող է հանգեցնել արտադրանքի ինքնարժեքի բարձրացման: Հետևաբար, ըստ նրա, Շիրակի մարզում տեղական հումքի՝ ճակնդեղի արտադրության խնդիր առաջ կգա:

Գործարարները, սակայն, հակադարձեցին, թե գյուղացուն ճակնդեղի համար չափազանց ցածր են վճարում և նրանք այդ պայմաններում չեն համաձայնի շաքարի հումք արտադրել:

Շիրակի մարզպետ Ֆելիք Ցոլակյանը, անդրադառնալով մարզի արդյունաբերական հնարավորություններին, մասնավորապես, ասաց․ - «Շիրակը բախտ չունի, որովհետև քարը մերն է, շինարարություն չկա՝ քարն էլ չի ծախվում: Ուրիշ հանք ունե՞նք մենք այստեղ: Մի սուտ ածուխի հանք ունենք՝ ուրիշ բան չկա: Այսինքն, մենք այստեղ բնական ռեսուրսների տեսակետից էլ օգտակար բան չունենք, մերը զուտ աշխատանքն է»: