Շանթին ու նրա ընկերներին անազատության մեջ պահելով ուզում են «ժողովրդի աչքը վախեցնեն»

Your browser doesn’t support HTML5

Շանթին ու նրա ընկերներին անազատության մեջ պահելով ուզում են «ժողովրդի աչքը վախեցնեն»

Նոյեմբերի 5-ի չհաջողված հեղափոխությունից հետո չորս ամսից ավելի է՝ Լիպարիտ Պետրոսյանը ճաղերի հետևում է: Դատարանը երրորդ անգամ երկարացրեց նրա կալանքի ժամկետը: Չնայած տեսակցությունների արգելքն արդեն հանված է, բայց կինը՝ Ռուզաննա Թեյմուրյանը դեռ չի այցելել ամուսնուն:

«Չեմ ուզում: Ես հանցագործ չեմ համարում իրեն, որ գնամ մի քանի ապակիներից այն կողմ, հեռախոսով տեսնեմ: Գիտեմ, որ շատ նիհարել է, հացադուլից հետո շատ հյուծված է եղել: Չեմ ուզում տեսնել: Միայն ազատության մեջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թեյմուրյանը:

Լիպարիտ Պետրոսյանը չորս երեխաների հայր է, թոռնիկ ունի: Շանթ Հարությունյանի հետ ընկերություն է անում Ղարաբաղյան պատերազմի տարիներից, Կապանում միասին են կռվել:

«Ազատամարտիկ էին ուզում հրավիրել Հաղթանակի օրվա կապակցությամբ խոսել այդ մասին: Վայ, ասաց, ինձ այդ մասին չասեք: Ես անգամ սարերից որ իջել եմ, ֆորման հանել եմ, որ ոչ մեկը չտեսնի, չիմանա, որ ես գնացել եմ կռվելու: Ես արել եմ դա իմ համար: Իրենց խմբի տղաները բոլորը այդպես են մտածում», - նշեց Լիպարիտի կինը:

Մոտ տասը տարի Ռուսաստանում ապրելուց հետո Երևանում է վերականգնել կապը Շանթի հետ: 88-ին էլ Լիպարիտ Պետրոսյանը Ազատության հրապարակում է պայքարել՝ նորից Շանթի հետ:

«Շանթի քույրիկին էի ճանաչում: Մենք պարբերաբար գնում էինք եղբորը աջակցելու: Հացադուլի էր նստում, այնտեղից գիտեմ: Լիպարիտն էլ թմբլիկ տղա էր, մտածում էի` վայ, այս տղան նստում է, որ նիհարի՞», - պատմեց Լիպարիտի կինը:

Ընտանիքի մտքով չի էլ անցել, որ նոյեմբերի 5-ին Լիպարիտը տուն չի վերադառնալու, նա գնացել է Գայ Ֆոքսի դիմակներով ակցիային մասնակցելու. - «Որ ինքը Մոսկվայից եկավ, շատ-շատ տխրեց իրավիճակը տեսնելով: Ասեց` սրա՞ համար էինք պայքարել, սրա՞ համար գնացինք կռվեցինք, այս ի՞նչ թշվառ վիճակ է… Ու անընդհատ ընկճված էր, կուտակվել էր մեջ: Ասաց` գնում ենք մեր բողոքի ակցիային, ոչինչ չի լինելու»:

Ռուզաննա Թեյմուրյանը կատակելով հիշեցնում է՝ նախագահականի սրահների մանրահատակն ամուսնու ձեռքի աշխատանքն է:

Նա ծիծաղելի է համարում փաստարկները, թե ազատության մեջ Լիպարիտը կթաքնվի քննությունից: Խուլիգանության մեղադրանքը համարում են վիրավորական. - «Սարքած գործ էր: Բոլորն էլ դա գիտեն: Պայթուցիկը ով որ սկսեց տրաքացնել, իրենք դրա համար սադրիչին ցանկացան սաստել: Համազգեստով ոչ մեկի չեն խփել: Մի մեծ գործ չի, որ ինչ-որ բացահայտում պետք է անեն. ուղղակի սպասում են վերևից ինչ-որ հրահանգների, քաղաքական որոշման: Իրենց հիմա պահելով ուզում է վախեցնի աչքները, որ` նայեք, ձեզ էլ կտանենք-կմտցնենք ու չենք թողնի: Կամ եթե դատել էլ նույնիսկ, դա է` որ ժողովրդի աչքը վախեցնեն»:

Լիպարիտ Պետրոսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տարիներ շարունակ բուժել է աղիքային ուռուցքը, վիրահատություններ տարել, նաև շաքարախտով է տառապում. - «Պայմանները սկզբնական շրջանում շատ-շատ ահավոր էին: Նույնիսկ մեկ ամիս, ես իմացա, որ ինքը առոթների վրա է քնել»:

Պետրոսյանի ընտանիքը հույս չունի, որ 14 ազատազրկվածները կարդարացվեն, սպասելու են եվրոպական դատարանի որոշմանը. - «Ես միանշանակ հայրենիքում եմ ապրելու: Ես չեմ գնալու, թող իրենք գնան: Մենք մնալու ենք, որ իրենք գնան»: