Թուրքիայում հակակառավարական ցույցերի հետևանքով երկու մարդ է զոհվել

Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարների դեմ, Թուրքիա, 12-ը մարտի, 2014

Թուրքիայում 15-ամյա տղայի հուղարկավորությանը հետևած հակակառավարական ցույցերի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Նրանցից մեկը 22-ամյա մի երիտասարդ է, որ մահացել է գլխին ստացած վնասվածքների հետևանքով, մյուսը՝ ոստիկան, ում մահվան պատճառը ենթադրաբար ցուցարարների հետ բախման ժամանակ սրտի կաթվածն է եղել։

Երեքշաբթի 15-ամյա Բերքին Էլվանի մահը կրկին թեժացրեց Թուրքիայի առանց այդ էլ անհանգիստ ներքաղաքական իրավիճակը: Թուրք դպրոցականը ծանր վիրավորվել էր անցած տարվա հունիսին` Ստամբուլի կենտրոնում ծավալված բախումների ընթացքում և 269 օր շարունակ գտնվում էր կոմայում: Ստամբուլի հիվանդանոցներից մեկում գտնվող Էլվանի մահվան մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան, ինչից հետո երկրի մի շարք քաղաքներում կատաղի բախումներ սկիզբ առան վարչապետ Էրդողանի հակառակորդների և ոստիկանության միջև: