Դաշնային խորհուրդը Պուտինին տվեց զինուժը Ուկրաինայում կիրառելու իրավունք

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ, Մոսկվա, 26 փետրվարի, 2014թ.

Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատը` Դաշնային խորհուրդը, արտահերթ նիստում քննարկել և միաձայն հավանություն է տվել Ուկրաինայում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերը օգտագործելու մասին նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։

Ըստ գործող օրենքի, Դաշնային խորհրդի որոշումը առաջիկայում կվավերացվի նախագահի կողմից և ապա կմտնի ուժի մեջ։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենիխը հայտարարել է, որ փետրվարի 26-ից սկսած Ռուսաստանը 6 հազար զինծառայող և 30 զրահամեքենա է ուղարկել Ղրիմի թերակղզի։ Նրա խոսքերով, դա արվել է առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության և Ուկրաինայի ինքնիշխանության իրավունքի խախտումով։

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին դիմել է «զինուժի տեղաշարժը Ղրիմում անհապաղ դադարեցնելու» կոչով։ Նա ասել է նաև, որ «ուկրաինական ուժերը չեն պատասխանել ռուսական սադրանքներին»։

Նախօրեին Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը օգնություն է խնդրել Ռուսաստանից։ Ակսենովը հայտարարել է, որ Ղրիմի զինվորական, սահմանապահ, ոստիկանության և անվտանգության բոլոր ստորաբաժանումները պարտավոր են կատարել միայն իր հրամանները, իսկ այդ պահանջը մերժող հրամանատարները պետք է ազատեն պաշտոնները։

Այսօր Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը Ակսենովի նշանակումը Ղրիմի ինքնավար հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում անվանել է «ապօրինի որոշում»։

Ղրիմի ինքնավար հանրապետության կարգավիճակի հարցով հանրաքվեն տեղի կունենա այս տարվա մարտի 30-ին։

Ուկրաինայի հարավային և արևելյան շրջաններում, Խարկովում, Դոնեցկում և ռուսախոս այլ քաղաքներում այսօր տեղի են ունեցել ցույցեր ռուսական եռագույնի ներքո, հնչել են «Ռուսաստա՜ն. Ռուսաստա՜ն» կարգախոսներ։

Ուկրաինայի արտաքին գործոց նախարար Անդրիյ Դեշիցիան ասել է, թե ռուսական կողմը հրաժարվել է ուկրաինացիների հետ բանակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականության հարցի շուրջ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ երեկոյան հայտարարել է, որ «Ռուսաստանը գին կվճարի Ուկրաինայում ռազմական միջամտություն կատարելու դեպքում»։


Արմեն Քոլոյան, Պրահա