Ատոմակայանի աշխատակիցները դիմել են ՄԻՊ գրասենյակ

Your browser doesn’t support HTML5

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն այսօր դիմում հանձնեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով պաշտպանել իրենց իրավունքները, որոնք այսօր ոտնահարվում են պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի պատճառով:

Ատոմակայանի աշխատակիցները, հիշեցնենք, առաջինն էին, որ հենց Մեծամորում դուրս եկան բողոքի, երբ պարզեցին, որ հունվար ամվսա աշխատավարձից պահումներ են եղել:

Աշխատակիցները գործատուից պահանջում են հետևել Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի որոշմանը, իսկ այսօր օմբուդսմենին հորդորում են կանգնել ոտնահարված իրավունքներով մարդկանց կողքին:

Գրասենյակի նիստերի դահլիճում օմբուդսմենի խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը խոստացավ ուսումասիրել դիմումը և հնարավորինս շուտ պատասխանել:

Իսկ դրսում հավաքված աշխատակիցները ասում էին, որ իշխանությունները ճնշում են գործադրել իրենց գործատուի վրա․ - «Ինքը ասաց, որ ինքը ուրիշ ելք չունի: Մենք այդպես հասկացանք, որ իր վրա ճնշում է գործադրվում, ինքը պետք է ստիպողաբար մեզնից այդ գումարը վերցնի»:

«Մենք թույլ չենք տա, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես մետրոպոլիտենի այդ երեք աշխատողների հետ: Կոչ եմ անում այսօր մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ ոտքի կանգնեք, պաշտպանեք ձեր իրավունքը: Ատոմակայանի երիտասարդները պինդ են, մենք թույլ չենք տա, որ մեզ հետ այդպես վարվեն», - հավաքված գործընկերներին դիմեց աշխատակիցներից մեկը:

Ատոմակայանի աշխատակիցները միաժամանակ վստահեցնում էին, որ անկախ ամեն ինչից ատոմայականը կաշխատի անվտանգ, և իրենք գործադուլի չեն դիմի․ - «Ատոմակայանը պետք է աշխատի անկախ ամեն ինչից: Անկախ նրանից, թե ինչպիսի քայլերի մենք կդիմենք: Անկախ ամեն ինչից ատոմակայանը կաշխատի և կաշխատի անվտանգ»: