Ոչ իշխանական ուժերը «հասունացնում են իշխանափոխությունը»

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը իշխանափոխությունը դիտարկում են որպես փոփոխությունների հասնելու վերջին միջոց. այդ հարցը նրանց համար դեռևս օրակարգային չէ:

«Մենք փորձում ենք փոքր քայլերի հաջողությամբ շարժվել առաջ: Կվերածվի՞ մեր համագործակցությունը շատ ավելի լայն քաղաքական օրակարգ ընդգրկող խնդիրների… Եկեք իրադարձություններից առաջ չընկնենք», - ասաց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ):

Թե երբ են պատրաստվում իշխանափոխության հարցը դարձնել օրակարգային, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հերոսաբար չբացահայտեց․ - «Կդիմանամ ցանկացած կտտանքի: Այնպես որ, ձեր հարցին չեմ պատասխանում»:

Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) ասաց, որ և՛ Դաշնակցությունը, և՛ ՀԱԿ-ը, և՛ «Ժառանգություն»-ը, և՛ անգամ «Բարգավաճ Հայաստան»-ը իշխանափոխության հասնելու ծրագրեր ունեն։ Նրա ձևակերպմամբ` ոչ իշխանական ուժերը հասունացնում են իշխանափոխությունը, և դա միասնաբար գործող չորս քաղաքական ուժերի նոր մարտավարությունն է. - «Ամեն հարց պետք է իր ընթացքով հասունացվի»:

«Պետք է քայլելով մոտենանք այնպես, որպեսզի Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ չառաջանա: Տնտեսական, սոցիալական վիճակը ծայրահեղ է, բայց միաժամանակ մենք պետք է այդ վիճակը համադրենք, թե հետևանքները ոնց կլինեն: Այնպես որ, պահը, հանրային շարժումը կբերի նրան, որ բնականորեն տեղի կունենան ցանկալի գործընթացներ», - ասաց Միքայել Մելքումյանը (ԲՀԿ):

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ Ռուստամյանը հայտարարեց, որ Խորհրդարանի ոչ իշխանական ուժերը շարունակելու են նորանոր նախաձեռնություններով հանդես գալ` լավ իմանալով, որ բարձրացված հարցերը տապալվելու են իշխանական կոալիցիայի կողմից:

Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) կարծում է, որ եթե ժողովուրդը դուրս գա փողոց, իշխանության ականջը կմնա: Հանրապետականի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ պատկերացրեց, թե այդ դեպքում իրենց հետ ինչ կարող է լինել․ - «Ամաչում եմ ասել, գեշ հարց էր»:

Գազային հանձնաժողով ստեղծելու՝ ոչ իշխանական առաջարկը տապալելուց մի քանի ժամ անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, թե գազի ոլորտին վերաբերող հարցերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է: ՀՀԿ խմբակցությանը ղեկավարը այսօր ասաց, թե խոսքը հանձնաժողով ստեղծելու մասին չէ․ - «Դրա արդյունավետությունը չեմ տեսնում»:

Ոչ իշխանական ուժերը զգուշավոր են Աբրահամյանի առաջարկի կապակցությամբ․ ասում են՝ վերաբերմունք արտահայտելու համար պետք է նախագիծը տեսնել:

«Այն դեպքում, եթե այդ նախագիծը բառացիորեն, տառացիորեն կրկնի այն, ինչ մենք ենք ներկայացրել», - նշեց Ռուբեն Հակոբյանը:

Լևոն Զուրաբյանը ասաց․ - «Մեզ երբեք նրանք նորմալ առիթներ չեն տվել, որ մենք կարողանանք իրենց հավատալ: Դրա լավագույն վկայությունը այն էր, ինչ տեղի ունեցավ մարտիմեկյան հանձրաժողովի ստեղծման պատմության հետ կապված՝ տարրական գցոցի: Իրենց լեզվով եմ խոսում, որ ավելի լավ հասկանան՝ գցոցի»:

Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ եթե Հանրապետականի կողմից իրական ցանկություն չտեսնեն, իմիտացիոն գործընթացներին չեն մասնակցի․ - «Մենք որևէ ամբիցիա չունենք: Եթե իրենց նպատակը այն է, որ նախաձեռնության հեղինակը անպայմանորեն պիտի իրենք լինեն, քավ լիցի, թող այդ հանձնաժողովը կոչվի Հանրապետական կուսակցության անվան գազի հանձնաժողով»: