Սոչիում մեկնարկում է ձմեռային Օլիմպիադան

Սոչին պատրաստվում է ընդունել Օլիմպիադայի մասնակիցներին, 30-ը հունվարի, 2014թ․

22-րդ ձմեռային Օլիմպիադան ամենաթանկն է պատմության ընթացքում։
Ուրբաթ երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 8:15 մոլորակի ուշադրության կենտրոնում կլինի Կրասնոդարի երկրամասը` Սոչիում սկսվելու է ձմեռային 22-րդ Օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը։

Օլիմպիադային մասնակցում է 2 հազար 800 մարզիկ 88 պետությունից։ 7 մարզաձև, 15 ենթակարգ, ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների 98 կոմպլեկտ։ Մարզիկները պայքար են մղելու այդ մեդալները վաստակելու և նոր ռեկորդներ սահմանելու համար։

Բայց մի ռեկորդ արդեն սահմանվել է` Սոչիի Օլիմպիադան դարձել է ամենաթանկը, ընդ որում, խոսքը ձմեռային խաղերի մասին չէ՝ դրանք ավանդաբար ավելի քիչ գումար են պահանջում, քանի որ մարզաձևերի թվով էապես զիջում են ամառային խաղերին․ Սոչիի Օլիմպիադան ամենաթանկն է Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում։

Հասարակական կարծիքի հետազոտություններ անցկացնող «Լեևադա» կենտրոնը օրերս հրապարակել է Օլիմպիադայի թեմայով հարցման արդյունքները։

«Ինչո՞ւ են ռուսաստանցի պաշտոնյաները պայքարել Օլիմպիադան Սոչիում անցկացնելու համար» հարցին 7 տոկոսը չի պատասխանել, 15 տոկոսը նշել է, որ օլիմպիական կառույցները շահավետ են Կրասնոդարի համար, 17 տոկոսն ասել է, որ Օլիմպիադան թույլ կտա բարձրացնել նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը, 23 տոկոսի կարծիքով՝ Օլիմպիադան կարևոր է և պատվաբեր մեծ երկրի համար, նպաստում է ազգի միավորմանը և հայրենական սպորտի զարգացմանը, 38 տոկոսն ասել է, որ Օլիմպիադան լավ առիթ է պետական բյուջեից հատկացված հսկայական գումարը թալանելու համար։

Ահա «Լևադա» կենտրոնի երկրորդ հարցը` «Ինչո՞վ բացատրել այն, որ Սոչիի Օլիմպիադան դարձել է ամենաթանկը»։ Պատասխան չունի 7 տոկոսը, 14 տոկոսը նշել է, որ ցանկացած հաջորդ Օլիմպիադա ավելի թանկ է, քանի որ աշխարհում գնաճ է, 14 տոկոսի կարծիքով՝ պատճառը Ռուսաստանում շինարարական աշխատանքի վատ որակն է և վատ կառավարումը, 15 տոկոսի համոզմամբ՝ դա պայմանավորված է Սոչիում կառուցված օբյեկտների բարդությամբ, 19 տոկոսը ենթադրում է, որ դա դաշնային ծրագրերի իրականացման վատ պետական կառավարման հետևանք է, 34 տոկոսն ասել է, որ պատճառը շինարարությունն իրականացրած ընկերությունների անբարեխղճությունն է և ագահությունը, իսկ 47 տոկոսի համոզմամբ՝ Օլիմպիադան այդքան թանկ է, որովհետև հատկացված գումարի մեծ մասը մսխել են։

Եվ, թերևս, ամենակարևոր հարցը` «Արդյո՞ք Օլիմպիադայից հետո չինովնիկներին և գործարարներին պատասխանատվության կկանչեն»։ «Անպայման»` պատասխանել է 7 տոկոսը, «հավանաբար` այո»` 15 տոկոս, «հավանաբար` ոչ»` 37 տոկոս, «հաստատ` ոչ»` 25 տոկոս», 16 տոկոսն էլ կարծիք չունի։

Կրասնոդարի երկրամասում Ադլեր - Կրասնայա Պոլյանա ընդամենը 48-կիլոմետրանոց ավտոճանապարհի համար ռուսները ծախսել են 227 միլիարդ ռուբլի, դա հավասար է 140 միլիոն դոլարի, փաստորեն՝ ճանապարհի մեկ մետրի գինը 140 հազար դոլար է։

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչներից Բորիս Նեմցովի համոզմամբ՝ Սոչիի Օլիմպիադայի ծրագրից մսխվել է մոտ մեկ տրիլիոն ռուբլի` 25-ից 30 միլիարդ դոլար։

Հայաստանը Սոչիում կներկայացնի չորս մարզիկ։