Արոնյանը հաղթեց Կարյակինին

Լևոն Արոնյանը խաղի ժամանակ, արխիվ

Լևոն Արոնյանը Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարում այսօր սպիտակներով առավելության հասավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ և մրցաշարի ավարտից ընդամենը երկու տուր առաջ ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի իր դիրքերը:

Իններորդ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերն ունի 7 միավոր և 1.5 միավորով գերազանցում է մրցաշարային աղյուսակի 2-5-րդ տեղերը զբաղեցնող չորս շախմատիստների ցուցանիշը։

Մինչև այսօրվա պարտությունը Կարյակինը երկրորդ տեղում էր և համարվում էր Արոնյանի հիմնական մրցակիցը հեղինակավոր մրցաշարում։

Վերջին երկու տուրերում Արոնյանը սևերով կխաղա կուբացի Լեյնիեր Դոմինգեսի, սպիտակներով՝ նիդերլանդացի Լոեք Վան Վելիի հետ:

Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։