Կիվիրյանի փաստաբանը Ոստիկանության դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց

Your browser doesn’t support HTML5

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի փաստաբանը դատարանում ոստիկանության դեմ հակընդդեմ հայց ներկայացրեց՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի առջև տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Կիվիրյանի նկատմամբ Կենտրոնի բաժնի ոստիկանների գործողությունները:
Ոստիկանությունը իր հերթին պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել Կիվիրյանին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, ինչի առիթվ էլ այսօր վարչական դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը:

Օգոստոսի 1-ին տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները, ովքեր արդեն 7 օր նստացույց էին սկսել, փորձեցին քաղաքապետարանի առջև վրան տեղադրել: Արգիշտի Կիվիրյանը փորձում էր տեղադրել այդ վրաններից մեկը, երբ նրան ուժի կիրառմամբ նստեցրին ոստիկանական մեքենան և բերման ենթարկեցին: Ոստիկանությունը պատճառաբանեց, թե վրանների տեղադրումն անօրինական է:

Սյսօրվա դատական նիստը բավական կարճ տևեց, քանի որ ներկա չէին Ոստիկանության ներկայացուցիչները: Հեռախոսազրույցով նիստը նախագահող դատավորին դա բացատրեցին հանգամանքով, թե շփոթել են նիստի ժամը:

Դատավոր Կարինե Բաղդասարյանը թույլ չտվեց նկարահանել դատական նիստը՝ մեջբերելով Վարչական դատավարության օրենսգրքում այս հունվարին արված փոփոխությունները, ըստ որոնց դատական նիստի տեսաձայնագրումը կատարվում է նիստի մասնակիցների միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ: Միջնորդությունը նիստին ներկա միակ կողմը կատարեց, սակայն դատավորը արգելեց նկարահանումը:

«Այս կերպ փորձում են իրականացնել գործողություններ, որպեսզի հասարակությունը լիարժեք տեղեկացված չլինի այս գործերի մասին: Փորձում են ամեն կերպ կոծկել այս դրանք, որպեսզի կարողանան սուսուփուս պոկել իրենց համար նախընտրելի որոշումներ: Որևէ հիմնավորում չբերվեց, թե ինչու լրագրողներին չի թույլատրվում իրականացնել սույն գործի տեսաձայնագրություն, ընդամենը դատարանը այդպես է ցանկանում»,- «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Արգիշտի Կիվիրյանը:

Նիստը նկարահանելու թույլտվություն տալու միջնորդություն անելիս Կիվիրյանը նշեց, որ հասարակական հետաքրքրությունն այս գործի նկատմամբ մեծ է և դրա լիարժեք լուսաբանումը կապահովի իր իրավունքները: