Օհանյանը Ղարաբաղում հանդիպումներ է ունեցել ՊԲ սպայակազմի հետ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանամերձ զորամասեր այցելության ժամանակ, արխիվ

Այս շաբաթ Զինված ուժերի սահմանամերձ զորամասեր կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի բոլոր կայազորներում և տեղում հանդիպումներ ունեցել սպայակազմի հետ:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումների ընթացքում նախարարն անդրադարձել է անցած բանակային տարում իրականացված գործընթացների վերլուծությանը, խոսել տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների և դրանցից բխող անելիքների մասին՝ հատուկ շեշտադրում կատարելով բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ու դրանց նպատակային շահագործման, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման և էլի մի շարք կարևոր ուղղությունների վրա:

Օհանյանը ուշադրություն է հրավիրել նաև բանակային առօրյայի ճիշտ կազմակերպման, զինվորական կոլեկտիվներում կանոնադրական և մարդկային փոխհարաբերությունների զուգորդման, անձնակազմի մարտական ոգու հարաճուն բարձրացման և կարգապահության ամրապնդման վրա: