«Ժառանգության» առաջնորդը հուսով է՝ Թևան Պողոսյանը կվերանայի իր որոշումը

Your browser doesn’t support HTML5

Վերջերս արտերկրից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին, հույս հայտնեց, որ խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Թևան Պողոսյանը կվերանայի իր որոշումը: Օրերս Թևան Պողոսյանը հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

«Պարոն Պողոսյանը շատ լավ պատգամավոր է, և ես հույս եմ տածում, որ կվերանայի իր որոշումը և կմնա խմբակցությունում։ Ես նման կոչով դիմել եմ Թևանին»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Հովհաննիսյանն ասում է, որ մնացածի մասին կխոսի փետրվար ամսին.- «Ինչպես քաղաքական ցանկացած շրջան, այս շրջանում ևս ապագա մի քանի ամիսները պետք է ցույց տան յուրաքանչյուրի բնութագրականը, թե ով ինչպես իրեն պահում։ Տարաձայնություններ չկան, մասնավոր տիրույթից է բխում այս նախնական որոշումը, ես նախապես տեղյակ չէի, բայց վերադառնալով Հայաստան հանդիպել եմ ոչ միայն Թևանի, այլև շատ գործընկերների հետ, և հույս ունեմ ինքը կվերանայի այդ որոշումը։ Բոլոր դեպքերում փետրվարի սկզբից ես ավելի համալիր խոսքով հանդես կգամ քաղաքական իրադարձությունների մասին»։

Հարցին, թե այս տարի իշխանափոխություն նախատեսո՞ւմ է, քաղաքական գործիչն արձագանքեց.- «Ես կարծում եմ, որ իշխանափոխությունը անպայման կկատարվի, բայց ոչ մի հոգու նախաձեռնությամբ։ Կարծում եմ՝ առարկայական պայմանները պետք է հասունանան, ժողովուրդը ինքը և երիտասարդական շրջանակները, քաղաքական, քաղաքացիական ակտիվիստները իրենք պիտի նախաձեռնեն, և ես ներկա կլինեմ։ Իշխանափոխությունը այլևս անցած եզրույթ է, պիտի սահմանադրական, իրավական Հայաստանի կերտումը լինի։ Սա իշխանություն չէ, և այս իշխանությունը, ըստ Սահմանադրության, ենթակա է հեռացման և հրաժարականի՝ ցանկացած սահմանադրական եղանակով»։

Ինչ վերաբերում է խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ երկրից մի քանի ամսով բացակայելուն, ապա խմբակցության ընթացիկ ղեկավարման հարցը կլուծվի մինչև հաջորդ քառօրյա, ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը: