Քայլերթ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների

Your browser doesn’t support HTML5

«Ազատություն քաղբանտարկյալներին», «Հայաստանն առանց քաղբանտարկյալների», «Դեմ ենք Մաքսային միությանը ու նրա կողմնակիցներին», «Պահանջում ենք արդարություն»՝ այդպիսի վերտառությամբ պաստառներով ու դրոշներով այսօր Ազատության հրապարակից մեկնարկեց քայլերթն ի պաշտպանություն նոյեմբերի 5-ի իրադարձությունների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ու ընդդեմ Մաքսային միության:

Շանթ Հարությունյանին զորակցելու էր եկել նաև արտերկրից օրերս վերադարձած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Միանում եմ Հայաստանի քաղաքացիների և հատկապես երիտասարդների ու Շանթի ընտանիքի պահանջին առ այն, որ Հայաստանում չպետք է լինի որևէ քաղաքական բանտարկյալ։ Ես համարում եմ, որ Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է, որ ինքը որևէ առնչություն չունի ոչ հոգեբուժարանի, ոչ էլ քրեակատարողական հիմնարկի հետ։ Դրա մասին պետք է մտածեն նրանք, ովքեր որպես այս ապօրինի վարչակարգի ներկայացուցիչներ իրեն այդտեղ են ուղարկել։ Ես եկել եմ զորացելու՝ որպես Հայաստանի քաղաքացի և գալիս եմ դատապարտելու քաղաքական բանտարկյալների առկայությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին նախ դեպի կառավարության գլխավոր մասնաշենք, որի դիմաց տեսնելով իր ծառայողական ավտոմեքենայով հեռացող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, սկսեցին վանկարկել «ամոթ», ինչը վրդովվեցրեց նախարարին, և պաշտոնյան իջավ մեքենայից:

«Ո՞վ եք դուք, որ ինձ ամոթ եք ասում, ամոթը քեզ»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի նկատմամբ տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների արգելքին, ապա արդարադատության նախարարն ասաց, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ դա նախաքննական մարմնի գործն է.- «Շանթ Հարությունյանը ինձ համար կալանավոր է և ունի առողջական խնդիրներ՝ կապված իր հացադուլի հետ։ Եվ ինձ համար կապ չունի, թե ինչի համար է... ես իր առողջության պատասխանատուն եմ և ամեն ինչ անելու եմ, որ իր առողջությանը որևէ բան չսպառնա»։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Շանթ Հարությունյանը քաղաքական բանտարկյալ է, նախարարը հորդորեց դիմել նախաքննական մարմիններին.- «Այսինքն եթե որևէ մեկը այլ բան աներ և պատասխանատվության չենթարկվեր, ինքը ենթարկվեր, ես կասեի։ Ես ժխտում եմ, որ ինքը քաղաքական հայացքների համար է [կալանավորվել]»։

Կառավարության առջևից երթի մասնակիցները քայլեցին դեպի գլխավոր դատախազություն, որի առջև պահանջեցին դադարեցնել Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, ինչպես նաև կալանավորված պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նաև հանել տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը:

Դատախազության առջև քայլերթի մասնակիցներին էր միացել նաև Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը, որն արտառոց որակեց ստեղծված իրավիճակը:

«Կարևոր չէ, թե Շանթը և իր ընկերները ինչի համար են կալանավորված։ Իհարկե, ինքը ինձ համար ակնհայտ քաղաքական կալանավոր է, բայց նույնիսկ եթե վերցնում ենք այդ բոլորից դուրս իրավիճակը, ազատազրկման դատապարտված մարդը հացադուլ է անում իր հարազատներին տեսնելու պահանջով։ Այսինքն սա քաղաքական դրդապատճառների հետ էլ կապ չունի, արտասովոր և արտառոց մի երևույթ է, որովհետև եթե դու մարդուն հարազատներին, անչափահաս զավակին տեսնելու իրավունքից զրկում ես, նշանակում է դու վերադարձել ես ամենամռայլ նախնադար»,- ասաց Հայրիկյանը։

Ակցիայի մասնակից, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Շանթ Հարությունյանին մեղսունակ ճանաչելու փաստին, ասաց՝ դա շատ կարևոր նորություն է.- «Չփորձեցին գնալ այն ճանապարհով, որ իբր Շանթ Հարությունյանը չի գիտակցել իր գործողությունները, իսկ նման պարագայում դա նշանակում է, որ գործը անպայման կմտնի դատարան և կփլվի, ինչպես շատ այլ գործեր։ Չեն կարողանալու հիմնավորել»։

Բողոքի քայլերթին մասնակցող քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը դատապարտում է Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին հարազատների հետ տեսակցելու և հեռախոսային խոսակցություններ ունենալու արգելքը, իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա ակտիվիստի խոսքով, Հայաստանի հանրությունը չի պատկերացնում թե ինչ ա կատարվում երկրի հետ:

«Դա էլ արդեն գալիս է նրանից, որ քաղաքական բոլոր կուսակցությունները իրենց ղեկավարներով հստակ դիրքորոշում չարտահայտեցին դրա շուրջ կամ ընդհակառակը՝ կողմ արտահայտվեցին Մաքսային միությանն անդամակցությանը»,- նշեց ակտիվիստը։

Ի դեպ, ակտիվիստները երթով անցան նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Երևանում բացված հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող արձանի մոտով, հայտարարեցին, որ իրենք ոչ թե դեմ են ռուս ժողովրդի հետ բարեկամությանը, այլև կոնկրետ Մաքսային միությանն ու դրան անդամակցելու Հայաստանի նախագահի որոշմանը:

Այսօրվա քայլերթն անցավ առանց լուրջ միջադեպերի, միայն դեպի Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության գլխավոր վարչական շենքերի ուղղությամբ շարժվելիս ակցիայի մասնակիցները մի պահ կարճ ժամանակով փակեցին Նալբանդյան-Թումանյան փողոցի մի հատվածը, սակայն ոստիկանությունը հրելով ակտիվիստներին բացեց փողոցը:

Ի դեպ, «Նախախորհրդարան» նախաձեռնության մի քանի անդամներ այսօր հայտարարեցին, որ ստեղծել են հիմնադրամ, որը նպատակ ունի նյութական աջակցություն ցուցաբերել իրենց պայքարի արդյունքում կալանավայրերում հայտնված քաղաքացիների ընտանիքներին: