Ռուս ուղղափառ եկեղեցին Ստալինին նվիրված օրացույց է հրատարակել

Ռուս ուղղափառ եկեղեցու հրատարակած՝ Ստալինին նվիրված 2014 թվականի օրացույցը

Խորհրդային բռնակալ Իոսիֆ Ստալինին նվիրված՝ Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից հրատարակված օրացույցը հարուցել է սոցիալական ցանցերի օգտատերերի վրդովմունքը: Հեղինակների կարծիքով, մինչդեռ, օրացույցը հիանալի նվեր է վետերանների և պատմության սիրահարների համար:

Համացանցում հայտնված օրացույցի էլեկտրոնային տարբերակը դարձավ կտրուկ քննադատության թիրախ: Իրենց մեկնաբանություններում օգտատերերը թվարկում են Ստալինի իշխանության օրոք տեղի ունեցած բռնության դեպքերը, մասնավորապես՝ մատնանշում այն փաստը, որ հենց նույն Ստալինն է ուղղափառ եկեղեցու հետևորդներին կտտանքների ենթարկել, իսկ եկեղեցիները քարուքանդ արել, ավերել:

Մոսկվայի Սուրբ Երրորդություն եկեղեցու հրատարակչության լույս տեսած օրացույցը, որը, ի դեպ, արժե 200 ռուսական ռուբլի, օնլայն տարբերակն էլ՝ 6 դոլար, ներկայացնում է Ստալինի կենսագրությունն ու փաստագրական տվյալներ լուսանկարների ուղեկցությամբ՝ վրացի մանուկից մինչև ալեհեր սովետական առաջնորդ:

Հայտնի ռուս պատմաբան Միխայիլ Բաբկինը, ով մասնագիտացած է Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնասիրություններում, համացանցում տեղադրելով Ստալինի նկարը՝ մասնավորապես գրել է․ - «Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի և Ստալինի միջև կապը շարունակում է լինել սերտ և սուրբ»:

Այս գրությանը հետևել են վրդովված օգտատերերի բազմաթիվ մեկնաբանություններ:

«Ռուս ուղղափառ եկեղեցին վաղուց վերածվել է բիզնես կառույցի և եկեղեցի-խանութներն էլ առաջարկում են կրոնական ծառայություններ», - գրել է օգտատերերից մեկը:

«Դա խայտառակություն է, խայտառակություն և վիրավորանք Ստալինի օրոք բոլոր մահացածների համար», - գրել է մեկ ուրիշը:

Ի դեպ, ինքը Ստալինը բավական խրթին հարաբերությունների մեջ է եղել ուղղափառ եկեղեցու հետ:

Պատանեկության տարիներին նա մասնակցում էր ուղղափառ եկեղեցու սեմինարներին, սակայն միառժամանակ հետո նրան անհայտ պատճառներով հեռացրել են եկեղեցուց:

Իսկ արդեն սովետական առաջնորդի կարգավիճակում նա իր հսկողության տակ էր վերցրել ուղղափառ եկեղեցու դեմ տարվող արշավը, ինչի հետևանքով անհամար եկեղեցիներ ավերվեցին:

Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ստալինը որոշեց մեղմել իր վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ և նույնիսկ հանդուրժեց նրա գործունեությունը, սակայն՝ բացառապես պետական խիստ հսկողության ներքո: