Ամանորին ընդառաջ մթերքի գները էականորեն չեն բարձրանա

Your browser doesn’t support HTML5

Այս տարի Ամանորին ընդառաջ սննդամթերքի գները սովորականի պես այնքան չեն բարձրանա, որքան նախորդ տարիներին,«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Ամբողջ տարվա ընթացքում այնքան շատ են եղել թանկացումները, որ մթերքները գրեթե հասել են իրենց առավելագույն գնին, և Նոր տարվան ընդառաջ էական թանկացումներ դժվար թե լինեն»,- բացատրում է Պիպոյանը։

Հենց այդ պատճառով, փորձագետի գնահատմամբ, Ամանորին ընդառաջ նկատելիորեն կթանկանա բանջարեղենը, միրգը, ինչը բացատրվում է սեզոնայնությամբ, իսկ մսամթերքի գինը, ըստ էության, կմնա նույնը:

«Ցավոք, մենք չունենք պետական մարմին, որը վերահսկի այս ամենը: ՏՄՊՊՀ-ը վերահսկում է խոշոր տնտեսվարողներին, բայց գյուղացիական մթերքի գները վերահսկելու գործառույթ ուղղակիորեն չունի: Ամբողջ աշխարհում դրանով մի առանձին մարմին է զբաղվում», - ասաց Բաբկեն Պիպոյանը:

Զարգացած երկրներում որպես կանոն Ամանորին ընդառաջ թանկացումներ չեն գրանցվում, այս երևույթը հատուկ է զարգացման միջին մակարդակ ունեցող երկրներին, նշում է Պիպոյանը, և հավելում, որ հաշվարկել են, թե որքան կարժենա, այսպես ասած, «միջին» ամանորյա սեղանը հայաստանիցիների համար:

«Մեր հաշվարկներով 30 հյուր ընդունելու համար 150-200.000 դրամ է պետք: Բայց մենք հասկանում ենք, որ այդ գումարը, հաշվի առնելով երկրում նվազագույն աշխատավարձը, շատերի համար բավականին մեծ գումար է և կամայական թանկացումը իր անմիջական բացասական հետևանքն ունի»,- նշեց նա։

Այսօր շրջեցինք նաև Երևանի շուկաներով: Վաճառողները, նախորդ տարվա հետ համեմատականներ անցկացնելով, փաստում էին, որ այժմ առևտուրը պակաս ակտիվ է: