Յանուկովիչ. «Ես չեմ կարող միլիոնավոր ուկրաինացիների թողնել առանց մի կտոր հացի»

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչ, արխիվ

Չնայած Ուկրաինայի նախագահի հորդորներին, Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները:
Երկուշաբթի ուշ երեկոյան Խարկովի բանտային հիվանդանոցում գտնվող Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարում, իսկ նույն այդ ժամերին Վիկտոր Յանուկովիչը հատուկ ուղերձով դիմում էր ուկրաինական հանրությանը` կրկին վերահաստատելով պաշտոնական Կիևի ցանկությունը` սերտացնել կապերը Եվրամիության հետ:

Դրա հետ մեկտեղ, Ուկրաինայի նախագահը նշում էր, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այս փուլում կարող էր տնտեսական ծանր հարված հասցնել տասնյակ հազարավոր ուկրաինական ընտանիքների:

«Ինչպես հայրը չի կարող ընտանիքը թողնել առանց մի կտոր հացի, այնպես էլ ես իրավունք չունեմ մարդկանց թողնել բախտի քմահաճույքին` միայնակ, դեմ առ դեմ այն բոլոր խնդիրներին, որ կծագեն այն ճնշման պատճառով, որին մենք այսօր դիմակայում ենք: Այդ դեպքում գործարանները կարող են դադարեցնել աշխատանքը, և միլիոնավոր աշխատավորներ կհայտնվեն փողոցում», - հայտարարում էր Յանուկովիչը` դիմելով նաև այն տասնյակ հազարավոր քաղաքացիներին, ովքեր փողոցում էին հայտնվել ոչ թե աշխատանքի կորստի, այլ Յանուկովիչի գործողությունների դեմ բողոքելու պատճառով:

«Ես ստիպված եմ լինում բարդ որոշումներ կայացնել: Դա է պատճառը, որ երբեմն ինձ սխալ են հասկանում: Դա է պատճառը, որ խնդրում եմ ձեզ` ուշադիր լսեք ինձ: Ես երբեք չեմ դիմի որևէ քայլի, որ կարող է վնասել ուկրաինական պետությանն ու մեր քաղաքացիներին: Ուկրաինայի քաղաքացու կամքը միշտ եղել է, մնում է և կմնա իմ կողմից կայացված որոշումների հիմքը», - հայտարարեց Յանուկովիչը:

Չնայած Ուկրաինայի ղեկավարի այս հայտարարություններին, Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները` պահանջելով չեղյալ հայտարարել ուկրաինական կառավարության հինգշաբթի օրը կայացրած որոշումն ու վերսկսել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը` ՈւԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն անցած գիշեր կրկին հայտարարում էր, որ բողոքի ակցիաները չեն դադարի մինչև վերջնական հաղթանակը:

«Հաղթանակի կարող են հասնել միայն այն մարդիկ, ովքեր չեն վախենում արտահայտել իրենց քաղաքացիական տեսակետը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց ապագայի համար: Հենց դա է պատճառը, որ մենք ի վերջո ապացուցելու ենք` Ուկրաինան Եվրոպայի մի մասն է», - ասում էր Կլիչկոն:

Կիևի կենտրոնում բողոքի ակցիաներն ընդհանուր առմամբ խաղաղ են ընթանում, թեև պարբերաբար որոշ միջադեպեր արձանագրվում են:

Երկուշաբթի երեկոյան իրավիճակը Կիևի Եվրոպեյսկայա հրապարակում կտրուկ կերպով սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները հարձակվեցին Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի վրա` դրանում գաղտնալսող սարքեր հայտնաբերելով: Ուկրաինացի չեկիստներին պատկանող նորագույն տեխնիկան ցուցարարների ձեռքից փրկելու համար իրադարձություններին ստիպված եղավ միջամտել հատուկ ջոկատայինները` արցունքաբեր գազի և մահակների օգնությամբ սկզբում հեռացնելով ընդդիմադիրներին մեքենայի շրջակայքից, ապա այն տարհանելով հրապարակից:

Կիևում ծավալված բուռն իրադարձությունների ֆոնին, սակայն, մամուլում տեղեկություններ են ի հայտ գալիս, որոնց համաձայն՝ պաշտոնական Կիևն ու Բրյուսելը վերջին պահին կարող են փոխզիջման գալ, որի գինը, ըստ ուկրաինական "Сегодня" օրաթերթի և մոսկովյան "Коммерсантъ"-ի, կարող է դառնալ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը:

«Եվրոպական կառույցները պատրաստ են օրակարգից հանել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցը` փոխարենը խոստանալով չարգելափակել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Դա հնարավոր կդառնա միայն մի դեպքում՝ եթե Յանուկովիչը խոստանա մոտ ապագայում` Վիլնյուսից հետո արդեն, լուծել Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը», - նշում են "Коммерсантъ"-ի բրյուսելյան աղբյուրները` հավելելով նաև, որ կողմերի միջև առկա առանցքային տարաձայնությունները ֆինանսական, այլ ոչ թե քաղաքական բնույթ ունեն: «Յանուկովիչի վարչակազմը Բրյուսելից 15 միլիարդ դոլար է պահանջում` Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման անխուսափելի բացասական հետևանքները մեղմելու համար», - պնդում է թերթը` մեջբերելով նաև Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթի խոսքերը․ - «Կիևին հավելյալ ֆինանսական օժանդակություն տրամադրելու իմաստ չեմ տեսնում: Առանց այդ էլ Ուկրաինան, ստորագրելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, մեծ հնարավորություններ ու առավելություններ կստանա»: