Բակո Սահակյանը Լոս Անջելեսում է

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ելույթի ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես, որտեղ երեկ մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2013»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Նա ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, անդրադարձել «Հեռուստամարաթոն - 2013»-ի հիմնական նպատակը հանդիսացող Վարդենիս - Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին: Սահակյանի բնութագրմամբ` ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական և ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների և ամբողջ Ղարաբաղի զարգացման ու զորացման համար:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը նաև շնորհավորել է ներկաներին ԱՄՆ-ի միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման և մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է: