Խորհրդարանական ընդդիմությունը չի հավատում, թե Զաքարյանը կարող է անաչառ աշխատել

Your browser doesn’t support HTML5

Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները չեն հավատում, որ 2012 թվականի զեկույցից հետո նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությանն արժանացած, ապա երկրորդ անգամ այդ պաշտոնում առաջադրված Իշխան Զաքարյանը կարող է անաչառ աշխատել:

«Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը այսօր հայտարարեցին, որ դեմ են Իշխան Զաքարյանի առաջադրմանը: ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը հայտարարեցին նաև, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց. - «Տոները փոխվել են, տեղի է ունենում հանդարտ, երբեմն նույնիսկ մտերմիկ խոսակցություն, ինչից ակնհայտ է դառնում, որ քննարկման մասնակիցների մեծամասնությունը` իշխանական հատվածը, որոշակի դասեր է քաղել Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից: Սերժ Սարգսյանը, դիմելով Իշխան Զաքարյանին, այդ խորհրդակցության ժամանակ ասում էր` պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե Հատուկ քննչական ծառայությունը կարծիք հայտնի Վերահսկիչ պալատի նախագահի վերաբերյալ: Այն, որ Իշխան Զաքարյանը այսօր այստեղ է, նշանակում է` նա երաշխիքներ է ստացել, որ Հատուկ քննչական ծառայությունը որևէ կարծիք չի արտահայտելու իր գործունեության, իր ունեցվածքի, իր կյանքի և կենսագործունեության վերաբերյալ: Սա նշանակում է, որ Իշխան Զաքարյանն էլ, իր հերթին, հանդես է եկել պատասխան երաշխիքներով»:

Իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հակադարձեց. - «Հոռետեսի կամ լավատեսի նկրտումներով փորձում են ասել, որ խեղճ Իշխան Զաքարյան, էլ ամբիոնից այդպիսի բաներ չի ասի… Անդրդվելի' է, ասելո'ւ է: Որևէ մեկը շահագրգիռ չէ, որ չի ասելու»:

Իշխան Զաքարյանն այսօր անպատասխան թողեց իրեն ուղղված բազմաթիվ հարցեր` հիմնականում ՎՊ-ի 2012 թվականի տարեկան հաշվետվությանը վերաբերող: Դրանցից մեկը հետևյալն էր` պետական բյուջեն թալանվե՞լ է, թե՞ չի թալանվել:

«Պարզաբանման կարիք է զգում` էն կաբելը ի՞նչ եղավ», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք. այս տարվա հունիսին ՎՊ-ի նախագահը խորհրդարան էր եկել մալուխով, որպեսզի պատգամավորներին փաստերով ցույց տա, թե ինչպես են պետական բյուջեի հաշվին 100 դրամանոց մալուխը գնում 1000 դրամով: Զաքարյանը նաև ընթացիկ` 2013-ի բյուջեի վերաբերյալ ասել էր, թե 700 միլիարդը վտանգված է:

Իշխան Զաքարյանը այս հարցերից որևէ մեկին չպատասխանեց: Փոխարենը դրանց անդրադարձավ Գալուստ Սահակյանը. - «Կյանքումդ մի թումբանի սեղանի մոտ նստե՞լ էիր: Մի անգամ գոնե գյուղապետ որ լինեիր, գայիր Ազգային ժողով, էդ քո հերոսացման ճանապարհին կտեսնեիր, որ կառավարումը դա բարդ պրոցես է, դա պայքար է»:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը թերահավատությամբ ընդունեց Իշխան Զաքարյանի պնդումը, թե Վերահսկիչ պալատը անկախ մարմին է, կառավարության այս կամ այն օղակը չէ:

«Սա բեմականացման տպավորություն է թողնում», - ասաց Արզումանյանը` շարունակելով. - «Դուք նոմենկլատուրայի մաս եք եղել ողջ Հայաստանի պատմության ընթացքում` սկսած խորհրդային Հայաստանից, կոմսոմոլից սկսած: Դրանում վատ բան չկա: Մի կարծեք, որ վիրավորական բանով եմ ասում: Չեմ կասկածում, որ եթե, օրինակ, Շանթ Հարությունյանը գա իշխանության, ցեղակրոնության կամ ցեղապաշտության ամբիոնի վարիչ կարող եք աշխատել: Դա էլ է նորմա: Նշանակում է կոչվում, իսկ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») կարծիքով, հայտնի խորհրդակցությունից հետո, եթե անգամ առաջարկեին, Իշխան Զաքարյանը չպետք է համաձայներ առաջադրվել. - «Համարձակություն ունեցեք և մերժեք այս առաջադրումը: Ավելի ճիշտ կլինի և' Ձեզ համար, և' հասարակության համար, և' ընդհանրապես մեր պետության համար: Այդտեղ Դուք ավելի շատ բացահայտում կանեք չարաշահումների մեջ, քան եթե առաջադրվեք և բոլորը գնան և կողմ քվեարկեն»:

ԲՀԿ-ն նույնպես կողմ է Զաքարյանի թեկնածությանը (Զաքարյանը, հիշեցնենք, նախկինում անդամակցում էր այս կուսակցությանը):

Զաքարյանը իր ելույթում ասաց. - «Այս երկրում կուտակված պրոբլեմները այս իշխանության, կամ հենց այսօր իշխանության ղեկին գտնվող մարդկանց անմիջական կամ այլ պատճառներով կուտակված պրոբլեմները չեն: Երկրում կուտակված կան պրոբլեմներ քսան տարուց ի վեր»: