Քաղաքական ուժերը մեկնաբանում են Ռուզինսկու հայտարարությունը

Ռուսական օդուժի սպաները Երևանում, արխիվ

Հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարծիքով, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվան, փաստորեն, հարցականի տակ է դնում Բաքվի պնդումը, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մասն է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնաթերթ «Красная звезда»-ին տված հարցազրույցի ժամանակ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, թե բազան կարող է ռազմական գործողություններ սկսել, եթե Ադրբեջանում որոշեն ուժային գործողությունների դիմել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, թե կասկած չկա՝ Ռուզինսկու հայտարարությունը հստակ մեսիջ է Բաքվին, ով շարունակում է հույսեր փայփայել, որ կարող է ղարաբաղյան խնդիրը ուժային տարբերակով լուծել։

«Սա նշանակում է երկու բան, առաջինը, որը Ադրբեջանում հաճախակի դարձած ռազմական հռետորաբանության, խաղաղության ռեժիմ խախտման թե կոչերը, թե գործողությունները չեն ողջունվում և քննադատվում են Մինսկի խմբի համանախագահ երկրների, և մասնավորապես, Ռուսաստանի կողմից։ Եվ սա հստակ, ադեկվատ պատասխան է Ադրբեջանի ղեկավարությանը, որ ռազմական գործընթացների վերսկսման դեպքում իրենք կհայտնվեն շատ վատ իրավիճակում»,- ասաց նա։

Ըստ Շարմազանովի, Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունը ուղղակի վկայում է, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը սոսկ ժամանակի հարց է:

«Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի էլ եղել, և այն, որ Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումը ընդամենը ժամանակի հարց է, սա փաստ է, և նման հայտարարությունները խոսում են դրա մասին»,- ասաց Շարմազանովը։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ներկայացմամբ, իր համար նորություն չէ, որ միջազգային հանրության ազդեցիկ դերակատարները հարցականի տակ են դնում Լեռնային Ղարաբաղի պատկանելը Ադրբեջանին:

Ըստ Ուրիխանյանի, արտառոց չէ նաև այն, որ Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի անվտանգությունը:

«Քաղաքական անվտանգության պայմանագրի համապատասխան կետի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ որևէ երկրի հանդեպ գոյություն ունեցող ագրեսիայի պարագայում բոլոր երկրները միասնական Զինված ուժերի մասնակցությամբ դրան դիմագրավում են։ Եվ եթե Հայաստանի Հանրապետությանը կարող է երբևէ, որևէ սպառնալիք լինելի, ես տեսնում եմ ուղիղ տրամաբանություն, որ ՀԱՊԿ անդամ երկրների զորքերը պիտի այդտեղ ունենան ուղղակի գործառույթ»,- ասաց Ուրիխանյանը։
Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը աննախադեպ բնորոշեց Ռուզինսկու հայտարարությունը, որովհետև «ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի հետ կապված երբեք նման պարտավորություն իրա վրա չի վերցրել»:

«Իհարկե, մեզ համար ամենակարևորն է, որ մենք ինքներս կարողանանք պաշտպանել և մեր, և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, բայց իբրև ՀԱՊԿ անդամ պետություն, բնականաբար, այստեղ որոշ պարտավորություններ կան։ Առաջին անգամ նաև Լեռնային Ղարաբաղի մասին այս պարտավորությունը հնչեցնելը ինչ-որ բան նշանակում է»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

«Աշխարհում այսօր որևէ մեկը չունի այն պատկերացումը, որ Արցախը Ադրբեջանի մասն է»,- մեզ հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը.- «Բոլորը գիտեն, որ ցանկացած տեսակի ֆորմուլաները, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները կամ ընդհանուր ղարաբաղյան բանակցային գործընթացի ժամանակ, միշտ էլ եղել է խնդիրը, որտեղ աշխարհը փորձել է իր համար իր եղած օրենքների շրջանակում մատուցել հարցը այնպես, որ «եթե այսպես անեք, դուք անկախության կհասնեք»։ Խնդիրը նրանում է, որ իրենք ընկալում են, որ այդ անկախությունը կա և Արցախը Ադրբեջանի մաս չէ»։

Ըստ Պողոսյանի, գնդապետ Ռուզինսկու հայտարարությամբ, Մոսկվան ցանկանում է մեսիջ հղել ոչ միայն Բաքվին, այլև խնդրի հետ առնչվող այլ մայրաքաղաքներ՝ Վաշինգտոն, Բրյուսել, Անկարա ու Թեհրան, որ «եթե ինչ-որ բան կատարվի, ռուսները կարձագանքեն՝ պաշտպանելու իրենց շահերը»:

«Հասկանալի է, որ դա ասում է մի մարդ, ով սովոր է, որ իրեն հրամաններ են տալիս կամ կան սցենարներ, որոնց ինքը պետք է պատրաստ լինի, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ, իրեն այսպիսի մի սցենար ներկայացվել և եթե ինքը ասում է, որ «մենք անպայման կարձագանքենք», նշանակում է, ունեն այն սցենարներից մեկը, որտեղ ասված է՝ եթե լինեն կրակոցներ, պետք է այս սցենարով շարժվել»,- ասաց Պողոսյանը։