ԵՄ հատուկ ներկայացուցչին ընդունել է Հայաստանի նախագահը

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, Եվրամիության աջակցությամբ մի շարք ուղղություններով երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկայիս վիճակի վերաբերյալ: Երկուստեք ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված ջանքերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների բանակցային ձևաչափում շարունակելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Եվրամիության հատուկ ներկայացուցչին նախօրեին ընդունել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: