ՀԱՕԿ-ը սկսում է Վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն (ՀԱՕԿ) պաշտոնապես հայտարարում է, որ չի ընդունում և չի ճանաչում Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները:

«Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին՝ հակասում է օրենքին», - ասված է ՀԱՕԿ-ի երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում:

«Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում», - մանրամասնում է ՀԱՕԿ-ը՝ շարունակելով․ - «Մասնավորապես՝ ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է Շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար: Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես՝ ընտրությունները անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի՝ սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում»:

«Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են Միջազգային օլիմպիական կոմիտեի սկզբունքներին և Օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի՝ մարզական ոլորտում», - ասված է հայտարարությունում:

«Որևէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից», - հայտարարում է ՀԱՕԿ-ը՝ հավելելով․ - «Ուզում ենք ընդգծել՝ ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է»:

«Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից», - նշված է հայտարարությունում:

Նույն խնդրի կապակցությամբ ՀԱՕԿ-ը մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել անցած շաբաթ:

Վերջերս հայաստանյան մամուլը գրեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի պատճառը, ըստ հրապարակումների, Բաղդասարյանի՝ առանց Ծառուկյանի համաձայնության Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալն է: