«Վրացական երազանք»-ը քննարկում է նոր վարչապետի հարցը

Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանք»-ից նախագահի թեկնածու Գիորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում նախընտրական հանդիպման ժամանակ, սեպտեմբեր, 2013թ․

«Վրացական երազանք» դաշինքի քաղաքական խորհուրդը այսօր խորհրդակցություն է անցկացնում Վրաստանի նոր վարչապետի թեկնածության հարցով:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ քաղաքական խորհրդի նիստին ներկա են դաշինքի առաջնորդ, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին: Սա «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի վերջին նիստն է հոկտեմբերի 27-ին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զաքարիա Կուցնաշվիլին ասել է, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ընտրություններից հետո միայն:

Հիշեցնենք՝ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է նախագահական ընտրություններից հետո մինչև նոյեմբերի 24-ը հրաժարական տալու որոշման մասին: