Աշխատանքից ազատվեց դատախազության ևս երեք բարձրաստիճան պաշտոնյա

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի երեկվա հրամաններով հերթական կադրային փոփոխություններն են կատարվել դատախազության համակարգում:

Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սասուն Խաչատրյանը` ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Շահբազյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Վահրամ Մարգարյանը և Հայաստանի դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գագիկ Խաչիկյանն ազատվել են աշխատանքից` սեփական դիմումների համաձայն:

Նշենք, որ Գագիկ Խաչիկյանը ընդամենը երկու շաբաթ առաջ էր նշանակվել գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ:

Հոկտեմբերի 1-ին Գևորգ Կոստանյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում աշխատանքից ազատվել են արդեն շուրջ մեկ տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: