Իվանիշվիլին չի բացառում Սաակաշվիլիի հարցաքննությունը

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլի (աջ), վարչապետ Բիձինա Իվանիշվիլի, արխիվ

Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ նախագահի պաշտոնում վերջին օրերն անցկացնող Միխեիլ Սաակաշվիլին մոտ ապագայում կարող է ներգրավվել մի շարք քրեական գործերի հետաքննության մեջ:

«Իմեդի» հեռուստաընկերության երեկ երեկոյան տված ծավալուն հարցազրույցում, սակայն, Վրաստանի կառավարության ղեկավարը չհստակեցրեց, թե ինչ կարգավիճակով կարող է Սաակաշվիլին ներգրավվել այդ գործերում` որպես վկա՞, թե՞՝ մեղադրյալ:

«Ես կստեմ, եթե ասեմ, թե Սաակաշվիլիի հասցեին կուտակված հարցեր չկան: Իհարկե, դրանք առկա են: Եթե նախկին ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան անազատության մեջ են, եթե մեկ այլ նախկին պաշտպանության նախարարին` Քազերաշվիլուն ձերբակալում են Ֆրանսիայում, և Վրաստանը պահանջում է արտահանձնել նրան, իսկ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավայի նկատմամաբ քրեական գործ կա հարուցված` բնական է, որ նրանց անմիջական ղեկավար հանդիսացած մարդուն` երկրի նախագահին պետք է որոշակի հարցեր տրվեն»,- նշում է Իվանիշվիլին:

Նա սակայն հատուկ ընդգծում է, որ որպես շարքային քաղաքացի չէր ցանկանա, որ իր երկրի ղեկավարին հարցաքննեին:

«Բայց ամեն դեպքում` դա եվրոպական բավական տարածված պրակտիկա է, նայեք՝ ինչ է կատարվում Իտալիայում, Գերմանիայում կամ Ֆրանսիայում, որտեղ Սարկոզիին որոշակի մեղադրանքներ էին առաջադրվել պաշտոնավարման ավարտից հետո արդեն»,- նշում է Իվանիշվիլին:

«Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Սաակաշվիլին որպես վկա ներգրավվի նաև նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործով կրկին իրականացվող հետաքննության շրջանակներում»,- «Իմեդիի» լրագրողուհու այս հարցին Իվանիշվիլին ևս դրական պատասխան տվեց:

Ուշագրավ է, որ նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի՝ 2005-ին տեղի ունեցած առեղծվածային մահվան թեման կրկին հայտնվել է վրացական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ այդ թեմային անդրադարձավ Սաակաշվիլիի նախկին զինակիցներից մեկը` այդ տարիներին պետնախարարի պաշտոն զբաղեցրած Գեորգի Խաինդրավան: Նրա խոսքով՝ Ժվանիան դարձավ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցների համատեղ դավադրության զոհը:

«Ժվանիայի մահվան հանգամանքները որևէ մեկն այն ժամանակ հստակորեն այդպես էլ չհետաքննեց: Ինձ, օրինակ, այդպես էլ չհարցաքննեցին, թեև ես նախկին վարչապետի մահվան օրը երեք անգամ հանդիպել էի նրան»,- նշում է Խաինդրավան:

Հիշեցնենք՝ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է նախագահական ընտրություններից հետո թողնել վարչապետի պաշտոնն ու լքել քաղաքականությունը: Շաբաթասկզբին Իվանիշվիլին «Ֆրանս Պրես» գործակալությանը փոխանցել էր, որ վարչապետի պաշտոնից կհեռանա նոյեմբերի 24-ին: