«Հայաստանի հետ հանդիպումը թերագնահատել պետք չէ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարզումների ժամանակ, սեպտեմբեր, 2013թ․

Իտալացիները հաղթանակ են ակնկալում այսօր երեկոյան Նեապոլում կայանալիք խաղից:
Այսօր երեկոյան Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին հանդիպումը:

Իտալացիներն արդեն իսկ ապահովել են իրենց մասնակցությունը Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Չնայած դրան, Իտալիայի հավաքականը լուրջ է տրամադրված և ցանկանում է ամեն գնով հաղթանակի հասնել:

Ինչպես գրում է իտալական հեղինակավոր մարզական պարբերականներից մեկը` «Կորիերո Դելլո Սպորտ»-ը` «Իտալիան, ըստ ամենայնի, հարձակողական ոճով է խաղալու Հայաստանի դեմ` ցանկանալով վերահաստատել իր մասնակցությունը 2014 թվականի աշխարհի գավաթին: Սա հրատապ խնդիր է՝ հատկապես Դանիայի հետ արձանագրված ոչ-ոքիից հետո», - գրում է թերթը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ ուրբաթ օրը Կոպենհագենում կայացած այդ խաղի ժամանակ իտալական ընտրանին ավելացված րոպեներին միայն կարողացավ գրավել մրցակցի դարպասը` հրաշքով խուսափելով պարտությունից:

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին պատկանող MEDIASET հեռուստաընկերության սպորտային կայքն էլ խորհուրդ է տալիս ավելի հեռահար նպատակներից ելնելով դիտարկել այսօրվա խաղը: «Հայաստանի հավաքականի հետ Նեապոլում կայանալիք հանդիպումը թերագնահատել պետք չէ: Հաղթանակի պարագայում Իտալիան կհայտնվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար ութնյակում, ինչն էլ, իր հերթին, կհեշտանցի մեր հավաքականի գործը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում», - գրում է իտալական կայքը:

Խոսելով գործը հեշտացնելու մասին՝ իտալացի լրագրողները նկատի ունեն ՖԻՖԱ-ի նոր կանոնակարգը, որի համաձայն՝ 2013-ի հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում առաջին ութ տեղերը զբաղեցնող թիմերը կհայտնվեն աշխարհի առաջնության խմբային մրցաշարի վիճակահանության ուժեղագույն թիմերի զամբյուղում: Դա կնշանակի, որ այդ ութ հավաքականները Բրազիլիայում խմբային մրցաշարում կպայքարեն անհամեմատ ավելի թույլ թիմերի հետ, ինչն էլ կավելացնի նրանց հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

Առայժմ հստակ չէ` արդյոք այսօրվա հանդիպմանը կմասնակցի Իտալիայի հավաքականի առաջատարներից մեկը` Մարիո Բալոտելին, որը բաց էր թողել Դանիայի հետ հանդիպումը: Դեռ կիրակի օրը Իտալիայի հավաքականի բժիշկ Էնրիկո Կաստելաչին տեղական լրատվամիջոցներին փոխանցել էր, որ Բալոտելին, չնայած հնգօրյա դադարին, գրեթե ամբողջությամբ ապաքինվել է և պատրաստ է մասնակցել Հայաստանի հետ հանդիպմանը: «Վերջին խոսքը, իհարկե, մարզչինն է», - նշել էր հավաքականի բժիշկը:

Բալոտելիին, սակայն, այսօր կարող են խանգարել միանգամայն այլ՝ ոչ ֆուտբոլային հանգամանքներ: Իտալիայի հավաքականի հարձակվողը հայտնվել է սկանդալի կիզակետում: Կիրակի երեկոյան գնացքով ժամանելով Նեապոլի կենտրոնական կայարան` Բալոտելին հարվածել է իրեն դիմավորող լրագրողներից մեկի տեսախցիկին: Արդյոք կազդի դա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի վերջնական որոշման վրա` պարզ կլինի մի քանի ժամից: