Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ

Սյունիքի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյան

Կառավարության այսօրվա որոշմամբ Ազգային ժողովի նախկին պատգամավոր (ՀՅԴ), նախկին գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ:

Կարելի է ասել, որ Կառավարությունն այսօր արագացված ընթացակարգով Գրիգորյանին նշանակեց մարզպետ. գործադիրը նախ ընդունեց Արարատի այլևս նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի հրաժարականի դիմումը (այդ որոշումը վարչապետը ստորագրեց, և այն անմիջապես ուղարկվեց նախագահի աշխատակազմ` Սերժ Սարգսյանի վավերացմանը, ինչի մասին նիստի ընթացքում տեղեկացրեցին վարչապետին), ապա Կառավարությունն ընդունեց Արամայիս Գրիգորյանին Արարատի մարզպետ նշանակելու մասին որոշումը:

Գրիգորյանը 2007 թվականին Դաշնակցության համամասնական ցուցակով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, այնուհետև` 2008-ի հունիսին, ՀՅԴ-ին հատկացված քվոտայով դարձել գյուղնախարար: 2009 թվականի մայիսին, երբ ՀՅԴ-ն դուրս եկավ իշխող կոլաիցիայից, Արամայիս Գրիգորյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:

Կառավարության նիստից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք պահպանելու է կապերը Դաշնակցության հետ, Արամայիս Գրիգորյանն ասաց. - «Հայաստանի Հանրապետությունում, ինձ թվում է, բոլորն էլ մեկը մյուսի հետ ընկերներ են, իսկ քաղաքական առումով ես կուսակցության մեջ չեմ արդեն մոտ երկու տարի»:

Նա նաև հաստատեց, որ անցած նախագահական ընտրություններում եղել է ՀՀԿ-ի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմում:

Դիզելային վառելիքի հետ կապված սկանդալի կապակցությամբ, որը մամուլի որոշ հրապարակումներում բերվում է որպես էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության պատճառ, Գրիգորյանն ասաց. - «Նախկին մարզպետը շատ հարգարժան, պրոֆեսիոնալ մարդ է: Նմանատիպ խոսակցություններ ես չեմ լսել, որ ինչ-որ բաների հետ կապված... Մարդը հեռացել է իր աշխատանքից զուտ տարիքի հետ կապված»:

Նա ասաց, թե նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի հետ շատ լավ հարաբերություններ ունի, բայց հավելեց. - «Ինչ վերաբերում է Արարատի մարզպետարանում կադրային հնարավոր փոփոխություններին՝ կշարունակեն աշխատել այն մարդիկ, ովքեր արհեստավարժ են»:

Ըստ շրջանառվող տեղեկության, «Ավշարի գինու գործարան» ընկերությունը պատկանում է Գրիգորյան եղբայներին, և Արարատի ներկայիս մարզպետի եղբայրներից մեկն էլ ԱԺ պատգամավոր, անկուսակցական Արայիկ Գրիգորյանն է:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա նոր նշանակումը իր բիզնեսի վրա, Արամայիս Գրիգորյանն արձագանքեց. - «Ես այժմ որևիցե բիզնեսով չեմ զբաղվում»: Հավելեց, որ «Ավշարի գինու գործարան» ընկերության սեփականատեր եղել է, բայց այլևս սեփականատեր չէ:

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, արձագանքելով նախկին դաշնակցականին մարզպետ նշանակելուն, փոխանցեց, թե «նշանակումը տեղավորվում է այսօրվա նախագահի քաղաքականության շրջանակում». - «Եթե այսօր նայեք Հայաստանի քաղաքական դաշտը և քաղաքական գործիչներին, կտեսնեք, որ Դաշնակցությունից շատ-շատերն են մտել և դուրս եկել: Հայտնի խոսք կա նաև, որ այսօր Հայաստանում ավելի շատ նախկին դաշնակցականներ կան, քան բուն կառույցի մեջ: Սա բնական պրոցես է. մարդիկ մտնում են, մարդիկ ինքնադրսևորվում են, այնուհետև փոխում են իրենց մոտեցումները և դուրս են գալիս: Պարոն Գրիգորյանը եթե աշխատել է Հանրապետության նախագահի ընտրական շտաբում և աջակցել է, դա եղել է արդեն այն ժամանակ, երբ Դաշնակցության շարքերում չէր»:

Վարդանյանը հավելեց, թե Արամայիս Գրիգորյանի մասով կարող է նաև ասել, որ որպես նախարար լավ է աշխատել, ճանաչում մարզը և կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները:

Փաստորեն, շարունակվում է միտումը, երբ մարզերում գործադիր իշխանության ղեկավարներ են նշանակվում կամ ընտրվում տվյալ շրջանում լուրջ բիզնես ներկայություն ունեցող անձինք: Օրինակ, վերջերս Սյունիքի մարզպետ նշանակվեց մարզի ու հանրապետության թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, Աբովյանի քաղաքապետն է խոշոր սեփականատեր, պատգամավոր Մուրադ Գուլոյանի որդի և «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանը, իսկ անցած սեպտեմբերին Գյումրիի քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը, ում ընտանիքին է պատկանում «Գյումրի գարեջուր» ընկերությունը: