Սոչիի օլիմպիական կրակը մարեց Շավարշ Կարապետյանի ձեռքում

Your browser doesn’t support HTML5

Չնայած այն բանին, որ ջահի կրակը իսկույն վերականգնվել է, լրատվամիջոցների կայքերում, սոցցանցերում քննարկումներ են սկսվել, որ դա արդեն Հունաստանից բերված օլիմպիական կրակը չէ:
Կրեմլի տարածքում օլիմպիական ջահի մարաթոնի ընթացքում անախորժ պատահար է տեղի ունեցել․ ռուսաստանյան լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել, որոնցում երևում է, թե ինչպես է ստորջրյա լողի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, բազմակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանը տանում օլիմպիական հանգած ջահը, այնուհետև անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը մոտենում է Շավարշ Կարապետյանին ու կրակվառիչով կպցնում կրակը:

Չնայած այն բանին, որ ջահի կրակը իսկույն վերականգնվել է, լրատվամիջոցների կայքերում, սոցցանցերում քննարկումներ են սկսվել, որ դա արդեն Հունաստանից բերված օլիմպիական կրակը չէ: Օրինակ՝ НТВ-ի էջում այդ լուրի տակ մի շարք մեկնաբանություններ կան: «Հիմա այդ կրակը ինչպե՞ս կարող է օլիմպիական համարվել»,- գրում է Ալեքսանդր Սիբիրսկին: Անտոն Մորոզովի գրառումը՝ «նույնիսկ կրակը կեղծեցին: Ոչ լեգիտիմ հունական է այն»: Մի օգտատեր էլ գրել է. - «Վատ նշան է, հերթում սև կատուն է և դատարկ դույլերով պառավը»:

Թվիթերի իր էջում պարզաբանում է տվել «Սոչի 2014»-ի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չերնիշենկոն. - «Աշխատակիցները փականը լրիվ չեն բացել, որի հետևանքով կրակը մարել է»,- պարզաբանել է նա ավելացնելով, որ այդպիսի բաներ պատահում են, դրա համար ոչ ոք չի պատժվի: Նա ընդգծել է, որ օլիմպիական ջահի կրակը հաջորդ փուլում վերականգվել է վավերական կրակով, այսինքն կրակը «օրինական» օլիմպիական է:

Էստաֆետի նախորդ օրը ռուսական լրատվամիջոցները հարցազրույցներ էին վերցրել լեգենդար մարզիկից: Աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը հույս էր հայտնել, որ իր որդին, ով Ռուսաստանի լողի հավաքականի պահեստային անդամ է, կմասնակցի օլիմպիական խաղերին և մեդալ կնվաճի: Նա նշել էր, որ իրենց ընտանիքում սպորտային բոլոր մակարդակի մրցանակներ կան, բացի օլիմպիական խաղերից: «Սովետսկի սպորտը»,- մեջբերում է նրա խոսքերը. - «Օլիմպիական ջահով ես կբացեմ նրա ճանապարհը»:

Շավարշ Կարապետյանը հերոսական արարք է կատարել 37 տարի առաջ՝ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ ուղևորներով լիքը տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, պատահաբար մոտակայքում գտնվող Շավարշ Կարապետյանը իսկույն ջուրն է նետվել: Ջրասուզված տրոլեյբուսից նա 20 մարդ է դուրս բերել, 20 կյանք է փրկել: Նրա հերոսական արարքի լուրը տարածվել էր աշխարհով մեկ: Աշխարհի տարբեր մասերից նամակներ էին ուղարկվում նրան՝ հասցեի փոխարեն գրելով՝ «Հայաստան: Շավարշ Կարապետյանին»: