ԱԺ նախագահը մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան, արխիվ

«Հաշվի առնելով Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի է ենթակետը` հայտարարում եմ, որ խորհրդակցել եմ Ազգային ժողովի խմբակցությունների հետ և մտադիր եմ փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում», - ասված է այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի տարածած հայտարարությունում:

«Քաղաքական կարծիքը ազատ արտահայտելու իրավունքի երաշխավորումը ժողովրդավարության անկյունաքարերից մեկն է: Այն անհրաժեշտ պայման է ժողովրդավարական հասարակությունում պատշաճ քաղաքական բանավեճ ծավալելու համար: Այդուհանդերձ, քաղաքական կարծիքի արտահայտումը իր բնույթով բացարձակ իրավունք չէ», - հայտարարում է Աբրահամյանը՝ մանրամասնելով․ - «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածը նախատեսում է, որ պատգամավորի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը սահմանափակված է վիրավորանքի կամ զրպարտության անթույլատրելիությամբ: Այսինքն` այդ իրավունքը սահմանափակված է, երբ դրա կիրառումը շեղվում է իր իրական նպատակից՝ ազատ քաղաքական բանավեճ ծավալելուց»:

Ազգային ժողովի նախագահը հավելում է, որ «նաև ԵԽԽՎ կանոնակարգի 21.6 հոդվածն է պարունակում մարդկային արժանապատվությունը ոտնահարող արտահայտությունների օգտագործման արգելք»: