Ղարաբաղցի «տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»

Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշն իր տեղադրումից քառասունվեց տարի անց պաշտոնապես բացվեց: «Մենք ենք, մեր լեռները» կոչվող հուշարձանը, որ փաղաքշորեն անվանում են նաև «Տատիկ-պապիկ», կառուցվել է խորհրդային տարիներին, քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է։

Կարմիր տուֆից պատրաստված կոթողը խորհրդանշում է ղարաբաղյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Ժամանակին հուշակոթողի շինարարությանը և նրա տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը։ Ավելին` բողոք է բարձրացվել Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում այդ քանդակը տեղադրելու առթիվ։

«Պապիկն ու տատիկն իրենց ներկայությամբ կոչ են անում ողջ արցախյան ժողովրդին, որ եղեք մեզ հետ, հեռուներում մի մնացեք, եկեք էստեղ, էստեղ աշխարհի լավագույն տեղն է»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հուշարձանի բացմանը մասնակցող մի ղարաբաղցի պապիկ.- «Ես պապիկ եմ, ունեմ 11 թոռ, 11 ծոռ, բոլորն էլ այստեղ են, և ոչ ոք էլ չի փոշմանում, որ չի գնացել ուրիշ տեղ, նրանք կան, կլինեն և կնմանվեն իրենց տատիկ-պապիկներին»։

Ղարաաբաղի տեսարժան այս վայրը վերանորոգվել և բարեկարգվել է արմատներով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Ավագումյանի ֆինանսական օժանդակությամբ։ Շուրջ 145 միլիոն դրամ արժողությամբ շինարարությամբ պահպանվեց հուշարձանի նախնական տեսքն ու տրամաբանությունը: Կանաչապատվեց բլուրն ու անցկացվեց ոռոգման և լուսավորման համակարգ: Լուսավորվեց և քարապատվեց դեպի հուշարձան տանող արահետը, ինչպես նա սալիկապատվեց հուշարձանի ստորոտը: Իսկ այցելուների համար կառուցվել են հանգստանալու համար նախատեսված անկյուններ: