Մաքսային միության հետ կապված՝ շուրջ 50 փաստաթուղթ կտարվի ԱԺ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներից մեկի ժամանակ, արխիվ

Հայաստանում բարեփոխումների շարունակականության ռազմավարությանը, Մաքսային միությանը երկրի միանալու ընթացակարգային խնդիրներին է անդրադարձել նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր արդարադատության նախարարությունում հանդիպելով գերատեսչության ավելի քան 300 աշխատակիցների հետ:

«Մենք մտել ենք մի փուլ, երբ պետք է, իրոք, մեր ջանքերն ավելացնենք», - նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը, - «Մի կողմից պետք է բարեփոխումները շարունակենք՝ հասցնենք տրամաբանական ավարտին, մյուս կողմից էլ պետք է կարողանանք նոր գործընթացը, որն սկսել ենք կապված Մաքսային միության հետ, առաջ տանել. մենք հսկայական աշխատանք ունենք կատարելու՝ մինչև 50 լուրջ փաստաթղթեր պետք է տանենք Ազգային ժողով: Իսկ այդ փաստաթղթերի պատրաստման հիմնական բեռը և բազմաթիվ այլ խնդիրներ ձեզ վրա է լինելու»:

«Այսինքն՝ մենք հիմա պետք է մեր աշխատաժամանակն էլ երկարացնենք, աշխատանքի արդյունավետությունն էլ բարձրացնենք», - նշել է նախագահը:

Ընդգծելով, որ արդեն բավականին մանրամասն խոսել է 2014 թվականի հունվարի մեկից սկսած բյուջետային աշխատավարձերի անընդհատ ավելացման պետական քաղաքականության մասին, Սերժ Սարգսյանը շեշտել է, որ երեք տարվա կտրվածքով բավականին էական ավելացումների մասին է խոսքը: Նա վստահություն է հայտնել, որ այս քաղաքականությամբ, ինչպես նաև պետծառայողների սոցիալական խնդիրների լուծմանը միտված մյուս բոլոր ծրագրերի փաթեթով, արդարադատության նախարարության համակարգում աշխատանքը շատ արագ մրցունակ է դառնալու մասնավոր հատվածի համեմատ: